Դուք փչացած մթերքը դրել եք սառնարանը, ասում եք՝ սառնարանը լավ չի աշխատում. փորձագետը՝ Մշակույթի նախարարության մասին
SocietyՊատկերավոր ասած, դուք փչացած մթերքը դրել եք սառնարանը, հետո ասում եք՝ սառնարանը լավ չի աշխատում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարության աշխատանքի որակին ու այն լուծարելու նախաձեռնությանը:
Դիտարկմանը, որ տարիներ շարունակ մշակութային արժեքները աղճատվել են, ռաբիզ երգիչներին կոչումներ են տրվել, հուշարձանները սխալ են վերանորոգվել, Անտինյանն ասաց. «Նախարարության կառուցվա՞ծքն է մեղավոր, որ քաղաքական որոշում կայացնողները ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ներն օգտագործել են իրենց ֆինանսական կարողությունները ավելացնելու համար: Նախարարության կառուցվա՞ծքն է մեղավոր, որ ռաբիզ երգիչներին տվել են պետական բարձր կոչումներ»:
Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանն էլ հավելեց. «Նախարարության մասնագետն իր կարծիքը տվել է, գնացել հասել է որոշում կայացնողներին, նրանք այլ որոշում են կայացրել: Մենք տարիներ շարունակ մեր ներքին ընդվզումն ու բողոքները, որ շատ հաճախ վախի մթնոլորտի տակ է եղել, չենք կարողացել բարձրաձայնել: Դուք ասում եք՝ ռաբիզները ստացան կոչումներ, ես վստահեցնում եմ, որ նախարարությունից այդպիսի փաստաթուղթ դուրս չի եկել»: