Թոշակի անցած զինծառայողներին եւս բնակարանային աջակցություն կտրվի. Յուրաքանչյուրին կտրվի 5 մլն դրամ
SocietyԿառավարությունն իր այսօրվա՝ դեպտեմբերի 27-ի նիստում որոշում կայացրեց պահուստային ֆոնդից 5,7 մլրդ դրամ հատկացնել զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է զինծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած եւ առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին:
Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով բնակարանային պայմանների կարիքավոր ճանաչված եւ ՊՆ ներկայացված ցուցակների հիման վրա բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ընտանիքներ, որից 326-ը քաղաք Երեւանում:
Նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով եւ միջինը 5 մլն դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր:
Առաջին փոխվարչապետ Արարտ Միրզոյանը նշեց. «Այսնիքն այն զինծառայողները, որոնց հանդեպ պետությունը պարտավորություններ ուներ, եւ մարդիկ տարիներ շարունակ սպասում էին իրենց բնակարանի հերթին, այժմ պատուհան է բացվել խնդրի լուծման համար»:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս ձեւով իրենք բեռնաթափելու են նաեւ բնակարանի պահանջարկը Երեւանում, քանի որ այդ գումարով կարելի է տներ գնել ու կառուցել մարզերում: