Վերին Լարսում 14 կմ–անոց հերթ է առաջացել, շուրջ 8 հազար հայ մնացել է անցակետում
SocietyՎերին Լարսում արդեն 14 կմ–անոց հերթ է առաջացել. 6-8 հազար հայ չի կարողանում հատել անցակետը։
NEWS.am–ին խմբագրություն ահազանգած Էլիզա Բաղդասարյանը պատմեց, որ երեկվանից տեղումները դադարել են, սակայն, որեւէ աշխատանք չի տարվում ճանապարհը բացելու ուղղությամբ։
«Մեզ ասում են՝ վտանգ կա, պիտի սպասեք, բայց ինչքա՞ն սպասենք։ 2 օր է՝ մենք կոնկրետ այստեղ ենք, փոքրիկ երեխաներ կան, անհարմար է նույնիսկ ասելը, բայց կան մարդիկ, որոնց մեքենաներում դիակներ կան։ Իսկ կողմերը ոչ մի բան չեն անում ճանապարհը բացելու համար։ Զանգում ենք մեր ԱԳՆ, Վրաստանում Հայաստանի դեսպանին, տրանսպորտի փոխնախարարին ենք գրում, բայց անօգուտ, ոչ մեկը չի արձագանքում։ Ռուսական կողմը կտրականապես ասում է, որ իրենք կապ չունեն, իսկ վրացական կողմն էլ բերել հատուկջոկատայինների է կանգնեցրել, կարծես թե հայերը իրենց վնաս են տալու»,– ասաց նա։
Նրա խոսքով, անցակետում մնացած հայերի ուտելիքն արդեն վերջանում է, վառելիքը նույնպես շուտով կվերջանա, իսկ իրենց ոչ ոք հստակ չի ասում, թե երբ ճանապարհը կբացվի։ Նշենք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. «Մաքրման աշխատանքներ չի տարվում, ձնահոսքի վտանգ միշտ էլ կա, բայց այս պահին որեւէ բան չի արվում։ Հիմա եղանակային պայմանները լավ են, կարող են մաքրման աշխատանքներ տանել, բայց չեն անում»։