Արգելել սիգի որսը. Սեւանա լճի հարակից տարածքներում հատուկ միջոցառումներ են իրականացվում
SocietyԱյս օրերին Երեւան-Սեւան ճանապարհին ձկան՝ մասնավորապես սիգի վաճառքի մասին հիշեցնում են միայն փակ ու լքված տաղավարները, քամուց ճոճվող ցուցափեղկերն ու այս հայտնի մանեկենը:
Սա մի քանի գերատեսչությունների աշխատանքի արդյունք է: Իսկ թե ինչ աշխատանք է կատարվել ու կատարվում, կներկայացնենք մեր ռեպորտաժում:
ՀՀ ոստիկանությունը, բնապահապանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից Սեւանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնում են համատեղ հատուկ միջոցառումներ:
Մինչ միջոցառումների մեկնարկը նշված գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սեւանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների հետ: Նրանց պարզաբանվել է միջոցառման նպատակն ու իրականացվելիք գործողությունները: Իսկ նպատակը մեկն է՝ արգելել Սեւանա լճում սիգի որսը՝ կապված ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածի հետ:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների՝ Սեւանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի եւ Մարտունու բաժինների ծառայողները 24 ժամ իրականացնում են ուժեղացված ծառայություն:
Խիստ հսկողություն է սահմանված Սեւանը գոտեւորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր:
«Սեւան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցներ, որսագործիքներ եւ ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների եւ լողամիջոցների մուտքը Սեւանա լիճ:
Բացի այս ոստիկաններն իրականացնում են նաեւ Սեւանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երեւանի եւ մարզերի շուկաներում:
Ճանապարհներին հատուկ ռեժիմով ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկանները: Հսկիչ կետերում նրանք, ոստիկանության տարածքային բաժինների ու Սեւան ազգային պարկի աշխատակիցների հետ կանգնեցնում են կասկածելի մեքենաները եւ ստուգում:
Ծառայությունը հաճախ ստուգվում է նաեւ ղեկավարության կողմից:
Սեւանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ կապված հատուկ միջոցառումները կշարունակվեն մինչեւ հունվարի 20-ը:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր ձկնորսներին՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սեւանա լճում չզբաղվել ձկնորսությամբ: Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու եւ ենթարկվելու են պատասխանատվության: