Սոցիալական ոլորտի խնդիրները մնացել են նույնը
AnalysisԱնցած մոտ իննը ամիսների գործունեության ընթացքում հասարակությունն այդպես էլ կառավարության քրտնաջան աշխատանքի արդյունքում որևէ շոշափելի ձեռքբերման ականատես չեղավ: Եվ շարունակեց գերակշռել այն տպավորությունը, որ երկրում միակ աշխատողն, այնուամենայնիվ, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ կաբինետի անդամներից շատերը, լինելով կառավարության կազմում, ինչպես ասում են օր էին մթնեցնում և ժամանակ շահում:
Նույն տրամաբանությամբ աշխատեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Կառույցի գործունեության մասին ձևավորված հասարակական գնահատականի համաձայն, անցած ամիսների աշխատանքի ընթացքում ոլորտում այդպես էլ որևէ շոշափելի արդյունք չարձանագրվեց: Եվ սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ, այսինքն, ավանդույթի ուժով, այն համարվել և շարունակում է համարվել ամենակոռումպացվածներից մեկը, ուստիև պետք է որ կոռուպցիոն բացահայտումների թոփ տասնյակում հենց այս գերատեսչությունը լիներ:
Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն հնարավոր էր նախարարության ծախսերը մոտ 1,5 միլիարդ դրամով կրճատել, եթե, օրինակ, իշխանափոխությունից հետո կենսաթոշակները վճարվեին ոչ թե «Հայ Փոստի», այլ բանկային համակարգերի միջոցով: Այս ընթացքում չի կատարվել նաև համակարգի ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ների գործունեության գնահատում, ինչը թույլ չի տալիս իրականության մասին ճշգրիտ պատկերացում կազմել և թերացումները բացահայտել: Ոլորտի նախկին աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, մեզ հետ զրույցում, նշեց, որ ոլորտում այնքան խնդիրներ են կուտակվել, որ դրանք միանգամից լուծել հնարավոր չի լինի, բայց դրան զուգահեռ անհապաղ լուծման կարիք ունեցող ուղղություններ կան, որոնց մասով այս ընթացքում այդպես էլ ոչինչ էլ չարվեց:
Ի դեպ, նոր իշխանությունների օրոք այս գերատեսչության ղեկավարն այն նախախարներից էր, ով պաշտոնը ստանձնելուց հետո սկսեց մինիմալիստական և ընտրողական վերաբերմունք ցուցաբերել լրատվամիջոցների հանդեպ, շատ հարցեր այդպես էլ թողնելով անպատասխան: Երկարամյա աշխատակիցը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ նախևառաջ հարկավոր է գնալ բյուջեից տրվող գումարները խնայելու ճանապարհով, ինչը նախորդ 30 տարիներին չի արվել: Իսկ նախկինից մնացած կոռուպցիոն սխեմաներից շատերի դեմն առնելու համար հարկավոր է սոցծառայության պետերի նշանակման կարգը փոխել:
Ու քանի դեռ նման հարցերը չեն լուծվում, բնական է, որ մնացած խոսակցությունները կշարունակեն ջուր ծեծոցի մնալ, իսկ գերատեսչությունների ղեկավարները կսահմանափակվեն միայն սոցիալական ցանցերում գրառումներ կատարելով:
Արմինե Գրիգորյան