Մեր երկրում թշնամիներ չփնտրենք. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչ–որ չափով գուցեև արդար է, որ նախկինում ընդդիմության կարգավիճակում տարիներ անցկացրած ներկայիս իշխանությունների ստեղծած, փայփայած կարծրատիպերը այժմ բումերանգի էֆեկտով դուրս են եկել իրենց դեմ ու արդեն հիմա նրանց են, որպես իշխանություն, մեղադրում Հայաստանն ատելու, Արցախը հանձնելու և նմանատիպ այլ դավադիր մեղքերի մեջ: Արդարացի կլիներ այս ամենը, եթե խաղի երկու կողմերում լինեին նրանք ու նրանց քննադատողները: Բայց կա խաղի երրորդ, գլխավոր կողմը՝ պետությունն ու հասարակությունը, որը փակվել է այս ցիկլի մեջ ու չի կարողանում դուրս գալ, չի կարողանում հաղթահարել անեծքի, դավադրության այս անվերջ տեղապտույտը: Այս խաղում փոփոխվում է միայն մի բան՝ անիծողների և անիծվողների տեղը, բայց խաղից մշտապես տուժում է անփոփոխ կերպով մեկը՝ պետությունը:
Իհարկե, նոր իշխանությունների հանդեպ հասարակական համակրանքը դեռևս այն աստիճանի է, որ հնչող անեծքներն ու դավադրությունները ընդամենը մարգինալ դրսևորումներ են թվում: Բայց խորաթափանց հայացքը հեշտությամբ կարող է արձանագրել, որ ոչ միայն այդ համակրանքի հարցն է ժամանակավոր, այլև հակընդդեմ հնչող տեսակետներում անեծքն ու թշնամանքը դառնում են դոմինանտ ուղղություն: Երբ հասնի պահը ու իշխանության հանդեպ աննախադեպ համակրանքը գա բնական վիճակի, իսկ երկրի առջև ծառացած օբյեկտիվ խնդիրներից շատերը մնան չլուծված, այս պահին մարգինալ թվացող անվտանգ անեծքները դառնալու են լայն տարածում ունեցող մոտեցումներ:
Սա, իհարկե, չի նշանակում, թե չպետք է քննադատել նոր իշխանություններին կամ չպետք էր քննադատել նախկիններին, առավել ևս չի նշանակում քննադատություններն արհեստականորեն փափկեցնել: Բայց երբ իշխանությունը քննադատվում է ոչ թե իր գործառույթները վատ կատարելու համար, այլ Հայաստանը գիտակցված ատելու, ավերելու, թալանելու և այլ մեղքերի մեջ, երբ երկրի ղեկավարին կա՛մ անսահման սիրում են, կա՛մ համարում ազգի դավաճան, այն էլ արդեն 30 տարի, երբ քաղաքական մանր ու մեծ քննարկումներում կարմիր թելի նման անցնում է թշնամու կերպարի որոնումն ու դրա կերտումը, մենք դատապարտված ենք ևս 20 կամ 30 տարի ապրել այս փակ ցիկլում՝ հետևելով կողմերի փոխատեղումներին: Միակ հարցն այն է, թե դեռևս ինչքան կդիմանա Հայաստանը այս խաղին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում