Նոր կառավարության կադրային ծարավը. պրոֆեսիոնալներ չկա՞ն, թե՞ նրանք են հրաժարվում. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Չնայած այն հանգամանքին, որ ինֆորմացիոն հիմնական հոսքերը այժմ պտտվում են նոր ձևավորված Ազգային ժողովի շուրջ, պարզից էլ պարզ է, որ քաղաքական, բովանդակային իմաստով առավել կարևոր է այն հանգամանքը, թե ինչպիսին է լինելու կառավարությունը, դրա կազմը: Ինչքան էլ խոսվի այն մասին, որ խորհրդարանի լիազորությունները պետք է ավելանան կամ հայտարարվի, որ խորհրդարանն է իշխանության գլխավոր թևը, իրականությունը լրիվ այլ է:
Թե՛ քաղաքական սուբյեկտների միջև ուժերի իրական համամասնությունը, թե՛ հասարակության սպասելիքները Նիկոլ Փաշինյանից են ու կառավարությունից: Ներկա դասավորությամբ ԱԺ–ն ընդամենը լինելու է Փաշինյանի և կառավարության որոշումները դակողը, լավագույն դեպքում քննարկումների մակարդակում զգուշավոր քննադատողը: Եվ ինչպես նախկինում, այդպես էլ հիմա ստիպված ենք կրկնել, որ առավել կարևոր է, թե ինչ կադրային քաղաքականությամբ է ձևավորվելու նոր գործադիրը, ու ընդհանրապես որն է լինելու կառավարության նոր քաղաքականությունը:
Կադրային քաղաքականության խնդիրներին առիթ ենք ունեցել անդրադառնալ նաև նախկինում: Հիմա, երբ, այսպես ասած, քաղաքական ու հեղափոխական թիմը գործուղղվել է ԱԺ, գործադիրում էլ մնացել են բազմաթիվ թափուր հաստիքներ, փոփոխվում են կառավարության գործունեության արդյունավետությունը գնահատելու չափանիշները: Այլևս հնարավոր չէ խոսել ժամանակավորության մասին, հնարավոր չէ բերել փաստարկներ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին:
Մի իրավիճակում, երբ մի կողմից հասարակության սպասումների ժամանակը սպառվել է, և կան կոնկրետ արդյունքների ակնկալիքներ, մյուս կողմից էլ թիմի ահռելի մասը հայտնվել է խորհրդարանում, հարց է ծագում՝ ովքե՞ր են լինելու կառավարությունում, ի՞նչ սկզբունքով: Պատասխանն այս հարցին կարծես թե պարզ է՝ նոր կառավարությունում պետք է լինեն պրոֆեսիոնալները: Սակայն պարզ է միայն պատասխանի ձևակերպումը: Ինքնին պրոֆեսիոնալների
ներգրավման հարցը բավական բարդ է:
Եվ ինչքան էլ տրիվիալ չթվա, պրոֆեսիոնալների ներգրավման իմաստով էական նշանակություն ունի խնդրի ֆինանսական կողմը: Եթե քաղաքական թիմի դեպքում կառավարությունում, ավագանիում կամ խորհրդարանում ներգրավվելու հարցը կարող է շրջանցել ֆինանսական նրբերանգները, ապա քաղաքական պատկանելություն չունեցողների դեպքում այս հարցը առաջին պլան է գալիս: Նախորդ իշխանական համակարգն, օրինակ, այդ խնդիրը լուծում էր երկու ճանապարհով՝ կա՛մ թույլատրում էր կոռուպցիոն գործարքների առկայությունը, կա՛մ «սև դրամարկղից» հատկացումներ էր անում առանձին վերցրած կադրերի:
Նոր իշխանությունը, որի քաղաքական հիմնական դոկտրինը կոռուպցիայի դեմ պայքարն է, ենթադրվում է, որ չի գնա նախորդների ճանապարհով: Մյուս կողմից էլ ակնհայտ է, սակայն, որ Հայաստանն այս պահին չունի այնքան ֆինանսական հնարավորություններ, որպեսզի պրոֆեսիոնալների կարողությունների ֆինանսական պատճաշ ու օրինական գնահատական տա: Եվ այս իմաստով իսկապես խնդիր կա, որի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է՝ շատ կարդրեր չեն ցանկանում թողնել մասնավոր սեկտորում իրենց բարձր վարձատրվող, կանխատեսելի գրաֆիկով աշխատանքն ու դառնալ հեղափոխական սպասելիքները բավարարելու բեռի տակ կքող կառավարության, իշխանության մաս: Հատկապես իշխանության քաղաքական թիմի մեծամասնության մասնագիտական սնանկության պարագայում այս խնդիրը դառնում է էլ ավելի սուր:
Փաստացի նոր իշխանությունը գտնվում է փակուղային իրավիճակում: Քաղաքական թիմում բավարար պրոֆեսիոնալներ չկան, պրոֆեսիոնալներ կան մասնավոր սեկտորում, բայց չկա նրանց մոտիվացնելու ֆինանսական ու քաղաքական հնարավորություն: Սրան զուգահեռ կան ինչ–որ անհասկանալի հանձնաժողովներ, հայտարարություններ CV–ներ ուղարկելու մասին, որոնք ոչ մի կերպ չես անվանի կադրային քաղաքականություն: Այս իմաստով առավել հետաքրքրական է հետևել ոչ թե նորընտիր ԱԺ–ի արդեն իսկ հոգնեցնող նիստերին, այլ հետևել գործադիրի ձևավորմանն ու այդ գործընթացին զուգահեռ ազդակներին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում