«Փաշինյանի պլանը» բախվեց «Լավրովի պլանին». Արցախում նոր զարգացումներ են սպասվում
International newsԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 16-ին, Փարիզում, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել: Հայտարարությունը կարելի էր դիտարկել իբրև շարքային, եթե չլինեին երկու կարևոր առանձնահատկություններ: Նախևառաջ՝ հետաքրքիր է հայտարարության մեջ նշված ձևակերպումը՝ կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել: Ստացվում է՝ վերելակում կայացած հայտնի հանդիպմամբ՝ գործը չի սահմանափակվել, այլ մակարդակում ընթացել են բանակցություններ, քննարկումներ, որոնց արդյունքում կողմերը հանգել են որոշակի փոխըմբռնման, արդյունքում մնացել է գործի կեսը՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը:
Բացի այդ, համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը: Այսինքն, կարգավորումը գտնվում է արդեն մի փուլում, երբ քննարկվում են տնտեսական պրոյեկտներ: Մինչդեռ, ինչպես հիշում ենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որևէ որոշում, որևէ քայլ այս ուղղությամբ չի կատարվի, առանց ժողովրդի հետ նախնական քննարկումների: Փաշինյանը, ինչպես տեսնում ենք՝ չի կատարում իր այս խոստումը:
Փաշինյանը ձախողվել է նաև մյուս ճակատում՝ Արցախը բանակցությունների սեղան վերդարձնելու՝ նրա ծրագիրը, ըստ էության, մերժվել է: Ժամանակին Փաշինյանը պնդում էր, որ Հայաստանը չի բանակցելու Բաքվի հետ, քանի որ բանակցությունների սեղանի շուրջ Ալիևը պետք է նստի Արցախի ներկայացուցիչների հետ: Ի սկզբանե հասկանալի էր, որ Փաշինյանի պլանը բախվելու էր Լավրովի պլանին, որն էլ այսօր կրկին վերադարձել է օրակարգ: Միաժամանակ, ՌԴ արտգործնախարարը հայտարարում է, որ աջակցության են արժանի հանգուցալուծում գտնելու պատրաստակամության վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարությունները, «հուսով ենք, որ հայաստանյան բարեկամներն էլ կպատասխանեն փոխադարձաբար»:
Ստացվում է, որ Ադրբեջանն իր կողմից արդեն իսկ համաձայնել է լավրովյան պլանին, իսկ Հայաստանը հապաղում է: Սակայն արդյո՞ք Փաշինյանն ունի մանևրելու հնարավորություն: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ովքեր կարողանում էին ասիմետրիկ արտաքին քաղաքականության օգնությամբ ժամանակ ձգել, հետաձգել Արցախյան հարցի վերջնական կարգավորումը՝ Փաշինյանը չունի այդքան ժամանակ, քանի որ, ըստ էության, չունի նաև արտաքին քաղաքականություն: