Պետությունը պետք է ոչ թե ձեռքերը լվանա ու մի կողմ քաշվի, այլ բռնի օրինազանցի ձեռքը. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Արամի 23 շենքի պատի փլուզման պատճառով բազմաթիվ այլ հարցեր ծագեցին, որոնց պատասխանները բավականին հակասական են: Մի մասի կարծիքով, նախ՝ պետք է հասկանալ, թե պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքն ինչպես է այս կամ այն անհատի կամ կազմակերպության սեփականությունը դարձել, մյուսները դրան նորմալ են վերաբերվում և պատի փլուզման մեղավոր համարում են իշխանություններին, որոնք ուշացան: Բայց իրականում զավեշտալի է, որ աշխարհին պատմամշակութային արժեք հանդիսացող շինություններով զարմացնող Հայաստանում նման կառույցները կառավարելու հստակ օրենսդրական դաշտ չկա: Եվ հասկանալի չէ, թե իրականում ով կամ որ կառույցն ինչի համար է պատասխանատու:
Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը թեև օրենսդրության մասնագետ չէ, սակայն որքանով տեղյակ է, եթե շենք–հուշարձանը պատկանում է որևէ սեփականատիրոջ, ապա այն ենթակա է պահպանության այն անհատի կամ կազմակերպության կողմից, ով դրա տերն է:
«Պետությունն իրականացնում է ընդհանուր վերահսկողություն և հոգ է տանում այն հուշարձանների համար, որոնք հանդիսանում են պետական սեփականություն: Այսինքն, հուշարձանների պահպանության մասին օրենքն այնպիսին է, որ ամեն ինչ չէ պետության վրա»,– ասաց Հ. Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է վերջին դեպքի հետ կապված իշխանությունների հասցեին հնչեցված մեղադրանքներին, ապա, ըստ մասնագետի, շենքը փլվել է այն պատճառով, որ մեկ այլ սեփականատեր վնաս է հասցրել այդ շենքին:
«Պետությունը, մշակույթի նախարարությունը և քաղաքապետարանը նրա համար են, որ ի սկզբանե այդ սեփականատիրոջը թույլ չտային վնասել այդ հուշարձան–շինությունը, այսինքն՝ կասեցնեն ապօրինությունը: Համապատասխան մարմինները պետք է ժամանակին կա՛մ այդ սեփականատիրոջը թույլ չտային նման նախագիծ իրականացնել, կա՛մ պարտադրեին, որ շինությունն ամրացնի: Եվ եթե կան պատասխանատուներ, ապա ինչո՞ւ պետք է այնքան սպասեին, որ պատը փլվեր»,– ասաց Հ. Պետրոսյանը:
Հնագետի կարծիքով, պետությունը երկար ժամանակ տեղյակ է եղել, որ այդտեղ խնդիրներ կան, քանի որ նախագծի սեփականատերն ի սկզբանե խախտել է օրենքը: Եվ պետությունը պետք է ոչ թե ձեռքերը լվանա ու մի կողմ քաշվի, այլ բռնի օրինազանցի ձեռքը:
«Երբ մի տասը դրամ չես վճարում, գալիս են, բանկային հաշիվը փակում են: Եվ ինչպե՞ս է պատահում, որ հասարակ քաղաքացու կողմից մի երկու կոպեկ չվճարելու դեպքում գործը հասնում է դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակներ, որ պարտադրեն այդ վճարումները կատարել, բայց խոշորներին թողնում են՝ ինչ ուզեն, անեն: Այս առումով գուցե օրենսդրական բաց կա, քանի որ, ինչպես շատ երկրներում, մեզ մոտ էլ պետք է լինի մշակութային արժեքների պահպանության օպերատիվ օրենսդրություն: Քաղաքականության բացթողում է նաև այն, որ մշակութային ժառանգությունը դառնում է ինչ–որ մեկի սեփականությունը: Եվ չնայած մեր մշակութային ժառանգությունը շատ մեծ է, իսկ պետությունն ամեն դեպքում չի կարող բոլորին տեր կանգնել, ուստի, իմ կարծիքով, մշակութային արժեքների կառավարման վաղվա օրը պետք է լինի այնպիսի կառավարումը, երբ ստեղծվում են պետության վստահությունը վայելող կազմակերպություններ և նրանք են տնօրինում այդ շինությունները: Մինչդեռ այսօր տվյալ հուշարձանների շրջակայքի բնակիչներին թույլ չեն տալիս անգամ պատի տակ կանգնել և գաթա վաճառել, ինչը ես սխալ եմ համարում»,– ասաց Հ. Պետրոսյանը:
Մասնագետի խոսքով, շինթույլտվություն կամ այլ ծառայություն իրականացնելու թույլտվություն տալու դեպքում պետք է նաև հարակից շինությունների պահպանության հարցերին ուշադրություն դարձնել: Եվ դա վերաբերում է բոլորին:
«Եվ վերջապես, ցանկացած լանդշաֆտային փոփոխություն ենթակա է հնագիտական փորձաքննության: Եվ ըստ օրենքի, եթե այնտեղ գտնվում է որևէ բան, ապա սեփականատերը ինքը պետք է վճարի դրա պահպանության համար: Եթե փող չունի և չի կարող վճարել, ուրեմն իրավունք չունի շինարարություն անել: «Հյուսիս–հարավ» ճանապարհը դրա դասական օրինակն է, քանի որ այդ ճանապարհին մոտ գտնվող բոլոր հուշարձանների հետազոտությունն իրականացվում է «Հյուսիս–հարավ» ծրագրի կողմից: Այսինքն, դա ո՛չ նորություն է, ո՛չ էլ նոու–հաու: Դա շատ հայտնի մոտեցում է, որը վերաբերում է նաև այդ շենքին: Այսինքն, այս առումով զարմանալու որևէ բան չկա, քանի որ այն, ինչ եղավ, անտարբերության և ամենաթողության հետևանք է»,–ասաց Հ. Պետրոսյանը
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում