Պանդորայի կիսաբաց արկղը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Ենթադրվում է, որ ցանկացած հեղափոխական պրոցես, բացի նորը կերտելու, ստեղծելու գործից, ունի նաև անցյալը դեկոնստրուկցիայի ենթարկելու որոշակի առաքելություն: Սրանք զուգահեռ գործընթացներ են: Հեղափոխական պրոցես ասելով, սակայն, նկատի ունենք ոչ միայն քաղաքական հեղափոխությունները: Ցանկացած ոլորտում, ցանկացած վայրում բեկումնային փոփոխությունները հղի են անցյալի վերաձևակերպումներով, վերանայումներով: Սա ո՛չ լավ է, ո՛չ վատ:
Այդ վերանայման պրոցեսն այլ կերպ անվանում են՝ բացել պանդորայի արկղը, այսինքն՝ սկիզբ դնել անշրջելի փոփոխությունների: Սակայն, եթե այլ ոլորտներում, օրինակ, անձնական կամ գործնական պանդորայի արկղը բացելուն հետևող ռիսկերը սահմանափակվում են նեղ շրջանակով, պետությունների, հասարակական մեծ օրգանիզմների դեպքում հնարավոր է, որ այդ անշրջելի փոփոխությունների, վերանայումների սկսված գործընթացն ավարտ չունենա:
Հայաստանում, սակայն, գործ ունենք ոչ թե պանդորայի փակ կամ բացվող, այլ կիսաբաց արկղի հետ: Այսինքն, հեղափոխությունը մի կողմից որոշել է բացել պանդորայի արկղը, մյուս կողմից դա չի արել մինչև վերջ: Այս կիսաբացությունն ակնհայտ է բոլոր ոլորտներում՝ աղմկահարույց դատավարություններից սկսած, «թալանվածը բյուջե հետ բերելու» մասին կախարդական ձևակերպումներով վերջացրած: Թվում է, թե կա անցյալի վերանայում, բայց որևէ կետով այդ վերանայումը մինչև վերջ տեղի չի ունենում:
Այս կիսաբաց պանդորայի արկղը կամ, այլ կերպ ասած, անորոշ, անկանխատեսելի, անհստակ իրավիճակը հղի է քաղաքական համակարգը օդում կախված վիճակում պահելու հեռանկարով: Ընդ որում, հեղափոխության կոնտեքստում առավել ընկալելի կլիներ անգամ պանդորայի արկղը բացելը՝ թեկուզև մեծ ռիսկերի գնով: Բայց, ինչպես տեսնում ենք, այդ վճռականությունը ևս չկա: Հետևաբար կարող ենք եզրակացնել, որ պանդորայի արկղը բացվում է ըստ իրավիճակի ու խտրական կերպով: Պարզապես կա մի խնդիր. պանդորայի արկղը կիսաբաց լինի, թե բաց, այլևս հնարավոր չի լինելու փակել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում