Արցախում վթարի հետեւանքով զոհված 3 տղամարդիկ ընկերներ են. հայտնի է դեպքի նախնական վարկածը
SocietyԱրցախում նախօրեին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված երեք տղամարդիկ Վայոց Ձորի մարզի Լեռնաշեն գյուղից էին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը։
Նա նշեց, որ վարորդն ու ուղեւորները ընկերներ են, զբաղվում էին շինարարությամբ եւ Արցախ էին մեկնել շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով։
Մովսիսյանը նշեց, որ նախնական վարկածով՝ վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել։
Նշենք, որ վթարի հետեւանքով տեղում մահացել են մեքենայի վարորդ, 50–ամյա Օկսեն Գասպարյանը, ուղեւորներ՝ 49–ամյա Էդիկ Հովհաննիսյանը եւ 47–ամյա Արթուր Հակոբյանը, իսկ 51–ամյա Արթուր Թովմասյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Շահումյանի շրջանային բուժմիավորում:
Ըստ բժշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 20-ին ժամը 22:07-ին Արցախի Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Քարվաճառ քաղաքից Ծառ համայնք տանող ճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:
Տեղ հասնելուն պես պարզվել է, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորով հոսող գետը։ Վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորներից երկուսը մահացել են, իսկ երրորդ ուղեւորը հոսպիտալացվել է։