5 անապահով ընտանիք հաստատվել է նախկին ուսումնարանի շենքում. սեփականատերը ստիպում է ազատել տարածքը
SocietyԿոտայքի մարզի 11 անապահով ընտանիք շուրջ վեց ամիս է, ինչ բնակվում է Եղվարդին հարակից տարածքում գտնվող կիսաքանդ շինություններից մեկում: Բնակիչների խոսքով՝ իրենք այդ քայլին դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ուղիղ եթերից հետո, որում նա հորդորել էր Հայաստանի բնակավայրերում դատարկ բնակարաններ ունեցողներին՝ ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, բնակարաններ տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից:
Այս ընտանիքները առանց հրավեր ստանալու, տեղափոխվել են չշահագործվող շինություն:Նոյեմբերին ոստիկանությունը զգուշացրել է այդ ընտանիքներին, որ հեռանան շենքից, քանի որ այն ուրիշի սեփականությունն է: 11 ընտանիքից 6-ը հեռացել է, իսկ հինգ ընտանիք շարունակում է բնակվել նույն վայրում: Օրեր առաջ սեփականատիրոջ կողմից սկսվել է տարածքում պարսպի շինարարություն, իսկ ոստիկանները զգուշացրել են, որ մինչև հունվարի 29-ը ընտանիքները լքեն շինությունը. «Մեզ այս շենքը պետք չէ, մենք ուզում ենք` համայնքը մեզ տուն հատկացնի, ես ու իմ եղբայրը ունենք երեք երեխա, հայրս կռվել է այս հողի համար, քաղաքապետին դիմել եմ, հող եմ ուզել, ինձ մերժել են, մենք մեր ձայնը բարձրացնում ենք, որ մեզ կացարան հատկացնեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Մանուկյանը, որն իր ընտանիքով օգոստոս ամսից բնակվում է շինությունում: Նա նշեց նաև, որ երեխաները երթուղայինով են դպրոց գնում, իսկ ամենափոքր երեխան քայլել սկսել է կիսաքանդ շինությունում:
Խնդրին տեղյակ են Կոտայքի մարզպետարանում: Ընտանիքի, կանանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արտյուշ Պետրոսյանն անձամբ է այսօր այցելել անապահով ընտանիքներին, ծանոթացել խնդրին։
«Մենք անցնում ենք տարածքով, ուսումնասիում իրենց կենսաձևը, խնդիրը հետևյալն է. քանի որ տվյալ շենքն ունի սեփականատեր, կամ պետք է տեղափոխվեն կամ նոր բնակարան կամ որևէ հատկացում պետք է արվի: Համայնքի մակարդակով այդ հարցը պետք է դրվի լուծման»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։
Նա տեղեկացրեց, որ սոցիալական պատմություն կպատրաստվի, որպեսզի առաջիկայում քննարկում արվի:
Հայտնի չէ, թե քննարկումը երբ կլինի, սակայն այս ընտանիքները չեն պատրաստում լքել տարածքը, իսկ շենքի մոտակայքում տեղակայված են ոստիկանական մեքենաներ: Մեզ հետ զրույցում ոստիկանության մայորը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենք այստեղ են՝ հասարակական կարգն ապահովելու համար. «Մարդիկ շինարարություն են անում, այստեղ ենք, որ նրանց գործը չքանդեն»: Մեր այն հարցին, թե ում հրամանով է շինարարություն կատարվում, նա ասաց՝ սեփականատիրոջ:
Բնակիչների խոսքով՝ շենքը պատկանում է Գուրգեն Զաքարյանին, վերջինս «Էլիփս» ընկերության սեփականատերն է: Մինչ այդ շինությունը եղել է ուսումնարան, իսկ վերջին երեսուն տարիներին այն չի շահագործվում: