ԵՏՄ երկրների համագործակցության կարեւոր ուղղություն է ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը. Փաշինյան
EconomicsԵՏՄ անդամ պետությունների համագործակցության կարեւոր ուղղություն է ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը՝ տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտների ակտիվ զարգացման եւ միության թվային օրակարգի ամբողջական իրականացման նպատակով: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ԵՏՄ «Թվային օրակարգը» պետք է դառնա միության կատարելագործման, դրա արդյունավետության ու գրավչության բարձրացման, վարչարարական, մաքսային եւ առեւտրային խոչընդոտների վերացման հիմնական գործիքներից մեկը:
«Թվային օրակարգի» իրագործման շրջանակներում անհրաժեշտ է խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանը եւ անդամ պետությունների տնտեսությունների ու քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները, ինչպիսիք են միության անդամ պետություններում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը, էլեկտրոնային աշխատանքային շուկայի եւ նմանատիպ այլ հարթակների ստեղծումը»,-ընդգծել է Փաշինյանը:
Նշենք որ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Լուսանկարման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ: