«Գինու փողոցն» ու թավշյա հեղափոխությունը. BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին
International newsԲրիտանական հեղինակավոր BBC պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանին: Հոդվածի հեղինակը ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում վերջին տարիներին բացված գինու ակումբները, Հայաստանի պատմությունն ու 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը՝ անցկացնելով հետաքրքիր զուգահեռներ:
Հոդվածի սկզբում պարբերականը նկարագրում է Երևանում գինու առաջին մասնագիտացված բարի՝ In Vino-ի ինտերիերը և ընդգծում, որ այդ պատկերը կրկնվում է աշխարհի շատ քաղաքներում, սակայն երևանյան գինետան առանձնահատկությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն ավելի լայն կոնտեքստում դիտարկել:
«Հայաստանի պատմությունը նախանձելի է: Գինեգործության ամենահին հետքերը հայտնաբերվել են այդ երկրի հարավում 6100-ամյա Արենի հնավայրում: Քրիստոնեությունն առաջինն այստեղ է ծաղկել: Գրական, գեղարվեստական, խոհարարական և երաժշտական ավանդույթները նախորդում են ամենահին քաղաքակրթություններին»,- գրում է պարբերականը:
Այնուհետև պարբերականն անդրադառնում է Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ինչի համար Հայաստանը Economist ամսագրի կողմից ճանաչվել է տարվա երկիր: «2018 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը հավաքել է ձայների 70 տոկոսից ավելին: Հիմա շատերը կարծում են, որ էական բարեփոխումների արդյունքում կվերանան ժողովրդի և քաղաքական վերնախավի միջև պատնեշները: Որպես խորհրդանշական ժեստ ժողովրդի առջև բացվել են Ազգային ժողովի և վարչապետի, նախագահի նստավայրերի դարպասները»,- նշում է հոդվածագիրը:
Պարբերականն ընդգծում է, որ երկրում շատ փոփոխությունների սկիզբը դրվել են Երևանում գինու մասնագիտացված բարերում, որոնք տեղակայված են Սարյան փողոցում, որը ստացել է «գինու փողոց» անվանումը: Նշվում է, որ հենց այդպիսի հաստատություններում գինու սեղանի շուրջ կայացած քննարկումների արդյունքում են ծնվել առաջադեմ գաղափարները, որոնք ի վերջո վերածվել են գործողությունների: