Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 5.8 տոկոս. Առաջին կիսամյակում այն 9-10 տոկոս էր
SocietyՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի հունվար-դեկտեմբերին 5.8 տոկոսով աճել է 2017 թվականի համեմատ: Նախորդ տարվա դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ ՏԱՑ-ն աճել է 6.4 տոկոսով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Նկատենք, որ 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի օրենքի համաձայն՝ կանխատեսվում էր, որ 2018 թվականին գրանցվելու էր 6.5 տոկոս տնտեսական աճ, սակայն պաշտոնական վիճակագրության համաձայն փաստացի տնտեսական ակտիվությունը կազմում է 5.8 տոկոս: Այսպիսով՝ տնտեսական աճի տեմպի շեղումը կազմում է 0.7 տոկոս:
Հիշեցնենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում աճի տեմպը կազմում էր 9-10 տոկոս, որը հաջորդ ամիսներին աստիճանաբար նվազեց՝ կազմելով 5.8 տոկոս:
2018 թվականի աճը ապահովել է արդյունաբերությունը՝ 4.3 տոկոսով, շինարարությունը՝ 4.5 տոկոսով, առեւտուրը՝ 8.7 տոկոսով, ծառայությունները՝ 18.8 տոկոսով:
Առեւտրի եւ ծառայությունների շրջանառության զգալի աճը հիմնականում բացատրվում է ստվերի կրճատմամբ կամ բացահայտմամբ:
Արդյունաբերական արտադրանքի աճը մեծամասամբ պայմանավորված է սիգարետի, մանածագործական, տեքստիլ արտադրության ընդլայնմամբ:
Վերջին տարիների համեմատ աննախադեպային է գյուղատնտեսության ոլորտի անկումը՝ շուրջ 7.6 տոկոսով: Այս անկումը էական ազդեցություն կունենա աղքատության մակարդակի վրա, հատկապես՝ գյուղական շրջաններում, քանր որ գյուղատնտեսական աշխատանքներում են զբաղված մեր աշխատուժի շուրջ 32 տոկոսը: