Մեզ տանջելով՝ ուզում ա գործից հանի. նախկին աշխատակիցը՝ Կենդանաբանական այգու տնօրենի մասին
SocietyԻնձ հեռացրել են, քանի որ նկարել, բացահայտել եմ, որ արջերին լցնում է իրար վրա, սատկացնում են իրար, ոչ մի առումով, մասնագետների կարծիքը հաշվի չի առնում, ու նման դեպքեր են լինում: Այս մասին այսօր՝ փետրվարի 1–ին, Քաղաքապետարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց Կենդանաբանական այգու իր աշխատանքից հեռացման մասին այսօր առավոտյան տեղեկացած Գեւորգ Գրիգորյանը։
Նա նշեց, որ 1994 թվականից աշխատում է տարբեր կենդանիների՝ փղի, գետաձիու հետ, սակայն վերջերս տնօրենն իրեն տարբեր այլ աշխատանքների է ուղարկել, այդ թվում՝ օձերի բաժին, իր հանգստյան միակ օրը նշանակել հերթապահության, արել ամեն ինչ, որ իր նյարդերը չդիմանան ու կռիվ անի։ «Ինքը քանի անգամ կենդանիներ ա սատկացրել, վարի ա տվել, ամեն ինչ անում ա, որ ոչ մեկի ցույց չտա, թե ինչ ա անում ներսը։ Ես նկարել, բացահայտել եմ, ինքը ինձ կարգապահական տույժ ա տվել ներքին կանոնակարգերով՝ չգիտեմ ինչ կանոնակարգեր են հանել, ծանուցումներ ա տալիս, մեզ տանջելով՝ ուզում ա գործից հանի»։
Ըստ Գրիգորյանի՝ այգու տնօրինությունն ամեն ինչ անում է , որ աշխատակիցները չդիմանան եւ բախումներ, կռիվներ լինեն։ «Չեմ հասկանում՝ ինչ ա ուզում էդ մարդը մեզանից։ Մենք իրեն ասել ենք՝ եղբայր, դու մեր կենդանիներին սիրի, մեզ հարգի, որովհետեւ մենք քեզ ընդունեցինք՝ որպես տնօրեն, նոր, ջահել, իսկ ինքը հակառակն ա անում, աշխատողներին ուզում ա սիրի, կենդանիներին հարգի»։
Գեւորգ Գրիգորյանը հավաստեց, որ ներկայիս տնօրենի՝ փոխտնօրեն եղած ժամանակ էլ սատկել է փիղը, սպիտակ արջերը, չորս առյուծ, կենդանիների անկումը շարունակվում է։ Սակայն տնօրենը մասնագիտական գնահատականներ լսել չի ուզում, ընդհակառակը, նա խնդիրները բարձրաձայնողներին ճնշում է ծանուցագրերով ու կարգապահապական տույժերով։ «Ցույցի ժամանակ, որ գոռացել եմ՝ Ռուբեն, հեռացիր, դրա վրով կենդանիները ստրես են տարել, դրա համար ծանուցագիր ա տվել, որ այգում բարձրաձայնել եմ, որ կենդանիները խառնվեն իրար, ջարդեն զաբոռները հելնեն դուս»։
Նրա խոսքով՝ երեք տարի է, ինքը չի կարողանում հանդիպել տնօրենին, իրենց շփումն իրականացվում է մարդկային ռեսուրսների կառավարչի միջոցով։ «Իմ հորեղբայրները մահացել են 53 օրվա տարբերությամբ, ինքն իմ էդ օրերի աշխատավարձը պահել ա. չի հարգում ոչ մեկի մարդ արարածությունը չի հարգում, նա՝ ու՜ր, մարդկային ռեսուրսը՝ ու՜ր»։