Դպրոցներում առարկաների վերանայման մասին հայտարարությունը սխալ է մեկնաբանվել. Արայիկ Հարությունյան
TVԴպրոցներում դասավանդվող առարկաների վերանայման մասին հայտարարությունը չպետք է մեկնաբանվի որպես դրանց փակում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Դրանք պետք է մշակվեն, դրանք պետք է հղկվեն, բոլոր այն դժվարությունները, որոնց ուսուցիչներն են հանդիպում դասավանդման ժամանակ, աշակերտներն են հանդիպում ուսումնառության պրոցեսում, ծնողներն են հանդիպում որպես ուսումնառության պրոցեսի կարեւոր մաս, մենք պետք է բոլոր այս դժգոհությունները հավաքենք, քննարկենք, քննարկենք չափորոշիչների փոփոխման հարցը, քննարկենք ծրագրերի փոփոխման հարցը, դասագրքերի փոփոխման հարցը, ինչու չէ նաեւ առարկայացանկի փոփոխման հարցը եւ ըստ դրա առաջ գնանք»,–նշեց նա։
ԿԳ նախարարը կարծում է՝ մինչեւ 2023 թվականը այդ հարցը լուծված կլինեն. «Բայց դա չի նշանակում, որ 2023–ին է այդ ամեն ինչը սկսելու, այլ արդեն այսօրվանից այդ մշակումները կսկվեն։ Հանրակրթության ոլորտում բարեփոխումները երկարատեւ են»,–եզրափակեց նա։
Նշենք, որ երեկ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ դպրոցական ծրագրերը վերանայվելու եւ փոխվելու են։