Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ են նվաճել Ֆրանսիայում. նրանց թվում է ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը
SportՀայաստանի ներկայացուցիչները հաջող են հանդես եկել Ֆրանսիայի Նիցա քաղաքում անցկացված 1924թ. օլիմպիական չեմպիոն Անրի Դեգլանի հիշատակին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում: Հայաստանի թիմի 7 ըմբիշներից չորսը դարձել են մրցաշարի հաղթող: Ոսկե մեդալ են նվաճել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւ Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ): Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Արթուր Շահինյանը (97 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ չի նվաճել միայն 80 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, որը հանդես է եկել 87 կգ քաշային կարգում: Մանուկյանը կրել է 2 պարտություն եւ 6 մասնակիցների մեջ բաժանել վերջին տեղը: «Իմ քայլը» դաշինիքից 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչում հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Էվրիկ Նիկողոսյանին: