«Արհեստական օրակարգերով պետությունը երբեք չի կարող զարգանալ». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը առանձնացնում է Հայաստանի արտաքին և ներքաղաքական օրակարգերը: Նրա խոսքով, առանձին դիտարկման առարկա են նաև օրենսդիր և գործադիր մարմինները:
Մեզ հետ զրույցում, խոսելով նախ արտաքին օրակարգից, նա կարևորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Գերմանիա:
«Այդ այցը բավականին դրական ազդակներ է ստեղծում՝ կապված նաև Գերմանիայի հետ հարաբերություններն ավելի ամուր հիմքերի վրա ձևավորման տեսանկյունից»,– ասաց քաղաքագետը՝ կարևորելով Անգելա Մերկելի՝ «Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլ է արել» որակումը:
Ըստ քաղաքագետի, սա նաև հեռանկար է ստեղծում. «Հավանաբար խոսքը հենց արցախյան հարցին է վերաբերում, ըստ որի՝ միայն Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու պայմաններում է հնարավոր արցախյան խնդրի կարգավորումը: Այս առումով դրական ակնկալիքներ կան: Բնական է, նշվածը դժվար խնդիր է լինելու, մերժվելու է Ադրբեջանի կողմից, բայց եթե աշխատելու ենք, ապա պետք է աշխատենք հենց այս ուղղությամբ: Աշխարհում որևէ պետություն առանց խոսելու հնարավորության չի ինքնորոշվել: Որքան էլ այլ սուբյեկտներ քո փոխարեն ներկայացնեն քո շահերը, բնականաբար, ճանաչման համար դու ինքդ պետք է խոսես»:
Ինչ վերաբերում է ներքին օրակարգին, նա նշեց, որ այստեղ խնդիրներն, ըստ էության, ավելի շատ են:
«Սա բնական է: Բարձր լեգիտիմությամբ իշխանություն ձևավորած ժողովուրդը նաև բարձր ակնկալիքներ է ունենում այդ իշխանությունից: Եվ, բնականաբար, երբ իշխանությունը հապաղում է, այս պարագայում դժվար է ասել՝ օբյեկտիվորեն, թե սուբյեկտիվորեն, բայց դժգոհություններ պետք է առաջանան: Մարդիկ ցանկանում են տեսնել սոցիալական խնդիրների լուծում, ուզում են ավելի լավ ապրելու զգացողություն ունենալ: Եվ, մեծ հաշվով, իրենց ամենևին հետաքրքիր չէ, թե դա ինչպես է լինելու, իրենք արդյունք են ակնկալում: Եթե հասարակության բարձր սպասելիքներին համապատասխան աշխատանք չի լինելու, ապա դա արդեն որոշակի դժգոհություններ է ձևավորելու»,– նշեց քաղաքագետը:
Խոսելով Ազգային ժողովի աշխատանքից՝ Է. Օրդուխանյանը շեշտեց.
«Քանի որ նստաշրջանները դեռ այդքան շատ չեն եղել, այս շրջանի համար աշխատանքի տեսանկյունից հիմնականում որևէ մեծ առաջընթաց չեմ նկատում: Որոշ պատգամավորներ թող չնեղանան, բայց, այդուհանդերձ, կարծում եմ, որ լրջանալն այս պահին անհրաժեշտ է: Մենք տեսնում ենք, որ փորձում են երկրորդական հարցերով օրակարգեր ձևավորել, բայց դրանք առաջնահերթություններ չեն: Իսկ պետության խորհրդանիշների փոփոխության «մոլուցքը» չի կարող միանգամից լավ հանգրվանի հանգեցնել: Օրինակ՝ ես երբեք չեմ պատկերացնի որևէ զարգացած պետություն, որի բարձրաստիճան պաշտոնյան պետական խորհրդանիշների մասին կարող է սարկազմով խոսել կամ կատակել դրանց վերաբերյալ: Սա ուղղակի կարելի է աբսուրդի ժանր համարել, եթե պայմանականորեն քաղաքականությունը թատրոն են համարում: Հարցերի նկատմամբ լրջություն ու աշխատանք է պետք: Արհեստական օրակարգերով պետությունը երբեք չի կարող զարգանալ»:
Նշված համատեքստում քաղաքագետը մեկ այլ օրինակ բերեց. «Խոսվում է տնտեսական թռիչքաձև զարգացման, ներդրումների և այլնի մասին: Իհարկե, լավ է, թող լինեն ներդրումներ, բայց որևէ պետություն միայն արտաքին ներդրումների արդյունքում թռիչքաձև զարգացում չի ունեցել»:
Նա թվարկեց պետություններ, որոնցում թռիչքաձև տնտեսական զարգացման հիմքը նաև կրթության և գիտության թռիչքաձև զարգացումն է եղել:
«Եթե քո ներքին ներուժը չես կարողանում պրոդուկտիվ դարձնել, ապա արտաքին աշխարհից ներդրումը միշտ արտաքին շահ է հետապնդելու: Օտարերկրյա ներդրողի մտածողության հիմքում օտար պետության շահը չի լինելու: Տնտեսական թռիչքաձև զարգացման համար մենք պետք է ներսից ստեղծենք այդ ազդակները: Իսկ տնտեսությունը միայն առևտուրը չէ, նաև արդյունաբերությունն է: Այսինքն՝ տվյալ երկրի ռեսուրսներին համապատասխան արդյունաբերություն, որը հիմնված է տեղեկատվական նոր ու բարձր տեխնոլոգիաների վրա: Իսկ այդպիսի ներուժ մեր երկիրն ունի, և հենց այստեղից պետք է սկսվի տնտեսական թռիչքաձև զարգացում ասվածը»,–ասաց նա՝ շեշտելով, որ այդ զարգացումը պետք է ընդգրկի ոչ միայն գործարարներին, առևտրով զբաղվողներին, այլ բոլոր շրջանակներին:
Ամփոփելով՝ նա ընդգծեց՝ թեև բարձր լեգիտիմություն ասվածը շատ կարևոր է, բայց քաղաքագիտորեն այն տատանողական երևույթ է:
«Իշխանությունների լեգիտիմությունը բարձրանում, աճում, նվազում կամ անկում է ապրում: Միայն լեգիտիմության վրա որևէ իշխող ուժ չպետք է հույս դնի: Այսօր կա, վաղը կարող է չլինել: Այստեղ քաղաքագիտորեն մեկ այլ կարևոր գործիք կա, այն կառավարելիության արդյունավետացումն է, կառավարելիության աստիճանն է: Այսինքն՝ մենք ունենք այսօր բարձր լեգիտիմություն ունեցող իշխանություն, բայց այն պետք է կարողանա նաև իր կառավարելիության աստիճանը բարձրացնել: Որքանո՞վ է կարող կառավարել, որքանո՞վ է կարող արդյունավետ կառավարել»,–քաղաքագետը թվարկեց հարցադրումներն ու ընդգծեց՝ եթե այդպիսի խնդիրներ չլինեին, նախորդ իշխանությունը հեղափոխության ալիքով չէր հեռանա:
«Կարծում եմ, նոր իշխանությունները դեռ ժամանակ ունեն, որովհետև հասարակությունը վստահում է, լիահույս է, ունի ակնկալիքներ և լավատես է: Սրանք շատ կարևոր են լավ մեկնարկի համար: Այնպես որ, միակ անելիքն աշխատելն է: Բացի այդ, կարևոր է ներգրավել ոլորտային այնպիսի պրոֆեսիոնալների, որոնք ոչ թե քաղաքական նախապատվություններով, այլ բացառապես պետական շահով կառաջնորդվեն: Իշխող ուժը պետք է հասկանա, որ բացի քաղաքական շահից գոյություն ունի նաև պետության շահ, և իրենք նաև պետության շահ ներկայացնող պետք է լինեն»,–եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում