Փաշինյանը բացառել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունում որևէ արտաքին միջամտության հնարավորությունը
PoliticsՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես անընդունելի է համարում մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» շարքին դասելը: Այս մասին նա ասել է Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:
«Դա անընդունելի է, քանի որ մեր հեղափոխության մեջ չի եղել որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ, չի եղել որևէ արտաքին ուժ, որը կմասնակցեր և ներգրավված կլիներ մեր ներքին քաղաքական գործընթացներին: Դա շատ կարևոր է՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Ես հասկանում եմ, որ հեշտ է խմբավորել հակամարտությունները կամ գործընթացները, սակայն եթե մենք ցանկանում ենք իսկապես հասկանալ որտեղ ինչ է կատարվում, պետք է շատ ուշադիր վերաբերվենք նյուանսներին ու տարբերություններին»,- ասել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ նախորդ գարնանը տեղի ունեցած դեպքերը բացարձակապես ներհայաստանյան իրադարձություններ են եղել: «Որևէ արտաքին ուժ հնարավորություն չի ունեցել ներգրավված լինելու մեր ներքին գործընթացներում: Այդ օրերին, ինչպես և այժմ, Հայաստանի ժողովուրդը եղել ու մնում է միասնական: Մեզ մոտ տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ, ընդ որում դա միայն իմ գնահատականը չէ, դա միջազգային հանրության գնահատականն է»,- ասել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունները եղել են երկրում միակը, որի արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում կամ որևէ այլ տեղ: Նրա համոզմամբ՝ այս նյուանսներն ու տարբերությունները շատ կարևոր են հատկապես ապագայի մասին կանխատեսումներում: