«Մնացյալ ուղղություններով առայժմ որևիցե տեսանելի բան չկա». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Այսօր երկու առաջնային օրակարգ է պետք ձևավորել: Մեկը պետք է լինի միասնական, իսկ մյուսի շուրջ կարող են լինել շատ տարբեր մոտեցումներ: Խոսելով ներքաղաքական իրավիճակի և անհրաժեշտ օրակարգերի ձևավորման մասին՝ մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով, մեկ միասնական և բոլորին հասկանալի օրակարգ պետք է ձևավորվի Արցախի խնդրի շուրջ: Երկրորդը տնտեսական զարգացման օրակարգն է, որը ևս պետք է առաջնային դառնա. «Տնտեսական զարգացման օրակարգի առումով պետք է որ արդեն սկսեին առաջարկներ և կոնկրետ գործողություններ երևալ, թեև դեռ ոչինչ չի երևում: Կարծում եմ՝ տնտեսական զարգացման օրակարգը կձևավորվի մոտ օրերս, երբ կառավարությունը կներկայացնի ծրագիրը: Իսկ Արցախի առումով, կարծում եմ, Գերմանիայում արված վերջին հայտարարությունները կարելի է որպես այդ օրակարգի ձևավորման «ստարտ» ընդունել»
Իսկ թե այս փուլում իշխանությունը որքանո՞վ է կարողանում կապիտալացնել ժողովրդի վստահության քվեն, քաղաքագետը նկատում է.
«Չեմ կարող ասել, թե այդ ուղղությամբ քայլ չի արվել: Քայլեր, միգուցե, արել են, բայց պրոդուկտիվ, արդյունավետ քայլեր չեն արվել: Պետք է արվեն կոմպետենտ քայլեր բոլոր ուղղություններով: Մի առումով իրենք արդարացրել են՝ կոռուպցիայի դեմ պայքարն է: Մնացած ոչ մի ուղղությամբ առայժմ որևիցե տեսանելի բան չկա»:
Իսկ ինչ վերաբերում է այս ամենի շուրջ ուրվագծվող ժամկետներին, Կ. Քոչարյանը նշեց, որ իշխանությունն ինքը պետք է ուրվագծի ժամկետներ, երբ կներկայացնի ծրագիր. «Ծրագիրը ենթադրում է նաև ժամկետ, և ծրագիրն ինքնանպատակ չէ: Այն քայլերի հերթականություն է՝ ըստ ժամկետների»:
Վերջերս արծարծվող արհեստական օրակարգերի, առաջնայինը երկրորդականից տարբերակելու հարցում քաղտեխնոլոգը ևս խնդիր է տեսնում:
«Այնքան պարզ է դա երևում: Օրհներգի հարց են բարձրացնում… մի հին, լավ անեկդոտ կա՝ սաղ թողել ենք, թիթեռ ենք նկարում»,–նշեց նա՝ շեշտելով, որ չէր ասի, թե խնդիրը լրջանալու կամ անլրջանալու մեջ է:
«Խնդիրը սովորելու, փորձ ձեռք բերելու մեջ է: Ուզո՞ւմ են սովորել, թե՞ չեն ուզում, սա է խնդիրը»,–ասաց Կ. Քոչարյանը:
Նրա դիտարկմամբ՝ մի մասն ուզում է սովորել, մի մասը՝ ոչ. «Օրինակ, երբ Եվրանեսթից առաջ Մխիթար Հայրապետյանը հանդիպելու համար զանգահարեց Արմեն Աշոտյանին, ես տեսա, որ կոնկրետ նա ուզում է սովորել: Անում է ամեն ինչ, որպեսզի այդ ինստիտուցիոնալ հիշողությունը, ժառանգականությունը պահվի: Ես մի օրինակ բերեցի, բայց նման դեպքեր էլի կան»:
Իսկ ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը,Կարեն Քոչարյանը ներկայիս փուլի առումով շեշտեց հետևյալը. «Որքան էլ քննադատենք կադրային քաղաքականությունը, բայց ի տարբերություն իր թիմի, անձամբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին և, կարծեք թե, հիմա էլ բավականին պինդ է գտնվել: Այսինքն՝ հիմնական, ողնաշարային տեղերում նշանակել է ոչ թե թիմի կադրերին, այլ իր կամ պրոֆեսիոնալ կադրերին: Խոսքը տնտեսական բլոկի և անվտանգության մարմինների մասին է՝ ֆիննախ, Կենտրոնական բանկ, ՊԵԿ, ՊՆ, ԱԱԾ: Եվ հիմա այդ կադրերի նկատմամբ բավականին լուրջ ագրեսիա, լուրջ հարձակումներ կան: Կարծում եմ՝ Ն. Փաշինյանն ինքն էլ է հասկանում, թե ինչ է կատարվում, և կփորձի պինդ պահել այդ կադրերին: Այնտեղ, որտեղ պետության զարկերակն է, այսինքն՝ անվտանգությունն ու տնտեսական բլոկը, ի սկզբանե պրոֆեսիոնալներ է նշանակել և փորձում է պահել նրանց»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում