«Տպավորություն է, որ ծրագրում միայն վերնագրեր են գրված». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության նախագծում ներառված՝ շրջակա միջավայրի կառավարմանն ուղղված քայլերով նախատեսվում է բնական ռեսուրսների համալիր պահպանություն իրականացնել: Բացի այդ, նախատեսվում է բարելավել, վերականգնել շրջակա միջավայրն ու դրանց ողջամիտ օգտագործմանը նվիրված միջոցներ ձեռնարկել: Դրանք, ըստ ծրագրի հեղինակների, ամենայն հավանականությամբ, պետք է հավասարակշռվեն սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության բարձրացման միջոցով: Առաջին հայացքից, կարծես թե, ծրագրում ներառված կետերն օգնում են բավականին ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե հատկապես ինչ բնապահպանական խնդիրներ կան Հայաստանում: Կարճ ասած, առաջին հայացքից ծրագրում նշված են բոլոր այն ուղղությունները, որոնք արդեն իսկ խնդիրներ են առաջացրել երկրի բնապահպանական ոլորտում: Պարզելու համար, թե կառավարության ծրագիրը որքանո՞վ է բավարարում բնապահպանների պահանջները և արդյո՞ք, ըստ իրենց, առաջիկա 5 տարիներին չի անտեսվի բնապահպանական որևէ խնդիր, «Փաստը» զրուցել է «Էկոդաշինքի» ղեկավար Սիլվա Ադամյանի հետ:
Բնապահպանի դիտարկմամբ, թեև կառավարության ծրագրում բոլոր ոլորտները ներգրավված են, սակայն բովանդակային առումով այն բավականին հակիրճ է գրված:
Ուստի այդքան էլ պարզ չէ, թե նշված կետերն ինչպես են իրագործվելու:
«Ծրագրում ներառված են բոլոր այն խնդիրները և նպատակները, որոնք երկար ժամանակ դրվել են կառավարությունների առջև, ինչը ուրախալի է: Բայց գոնե պետք էր մի քանի տողով բացել, թե նշված ուղղություններով կառավարության կողմից ի՞նչ քայլեր են իրականացվելու, ի՞նչպես և այլն: Այսինքն, տպավորություն է, որ միայն վերնագրերն են գրված: Թեև ուրախալի է, որ հիմնականում բոլոր ոլորտները ներառված են, բայց ոլորտների ներգրավումը դեռ չի նշանակում, որ դրանք բոլորը կարելի կլինի իրականացնել: Հատկապես, եթե միայն վերցնենք հանքարդյունաբերությունը, որը բավականին ծանր ոլորտ է, ապա պարզ չէ, թե ինչ պետք է արվի այս ուղղությամբ:
Ունենք բազմաթիվ պոչամբարներ, որոնց ռեկուլտիվացիան պետք է պետբյուջեի հաշվին իրականացվի, այսինքն, մեզ անհանգստացնում է, որ խնդիրների լուծման ուղիները բացված չեն ծրագրում: Ոչինչ չկա նաև կանաչ էներգետիկայի և այն մասին, որ հիդրոէլեկտրակայանների պատճառով մենք վաղուց արդեն լուրջ խնդիրներ ունենք, և, դժբախտաբար, մյուս կողմից՝ դեռևս շարունակվում են ամեն քայլափոխի ՀԷԿ–եր կառուցել: Բնապահպաններն ամեն անգամ բարձրաձայնում են, որ այն լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, բայց այս հարցը, կարծես թե, այդպես էլ չի դառնում կառավարության համար օրակարգային հարց»,– ասաց Ս. Ադամյանը:
Բնապահպանը տարակուսանք հայտնեց, որ նշված խնդիրներն այս անգամ էլ չեն ներառվել կառավարության ծրագրում, թեև դրանք պակաս վտանգ չեն ներկայացնում երկրի շրջակա միջավայրի համար: Համեմատելով ներկայացված ծրագիրը նախորդ կառավարությունների ժամանակ ներկայացված ծրագրերի հետ՝ Ս. Ադամյանն ասաց, որ նախորդ իշխանությունների ժամանակ ինչ–որ բաներ գրվում էին թե՛ Սևանի, թե՛ բնապահպանական այլ խնդիրներ լուծելու մասին, որոնք ընդամենը ներառվում էին կառավարության ծրագրերում, բայց դրանց ուղղությամբ այդպես էլ լուրջ քայլեր չէին իրականացվում:
«Մենք բազմիցս քննադատել ենք նախորդ կառավարությունների ծրագրերը, որոնք հիմնականում շատ վատ էին գրված լինում: Բոլոր ոլորտներին անդրադարձ չէր լինում, եղածն էլ աղավաղված էր ներկայացվում:
Հանքարդյունաբերության ոլորտին ընդհանրապես անդրադարձ չէր լինում: Բացի այդ, խնդիրները, որոնք այսօր կան նոր կառավարության ծրագրում, տարիներ շարունակ բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրներն են: Եվ, փաստորեն, այսօր բնապահպանների համառ աշխատանքի շնորհիվ դրանք կառավարության ծրագրի մաս են դարձել: Բայց պետք է ծրագրում անպայման ՀԷԿ–երի խնդիրները նույնպես ներառել, քանի որ դա ևս շատ կարևոր է: Կյանքը ցույց տվեց, որ չի կարելի այն կանաչ էներգետիկա անվանել, և պետք է կասեցնել նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու գործընթացը»,– ասաց Ս. Ադամյանը:
Նա ընդգծեց նաև, որ կառավարության ծրագրից դուրս է մնացել աղբավայրերի հարցը, ինչը նույնպես շատ լուրջ խնդիր է ողջ հանրապետության համար: Ծրագրում ոչինչ չի ասվում նաև աղբի վերամշակման գործարան կառուցելու մասին:
«Մենք պետք է վերջապես կարողանանք ոչ միայն ազատվել կուտակված աղբից, այլև դրա վերամշակմամբ զբաղվենք ու շահույթ ստանանք: Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ասել՝ բրավո բոլոր բնապահպաններին, մենք կարողացանք հասնել նրան, որ այսօրվա դրությամբ երկրում առկա խնդիրները ներառվել են կառավարության ծրագրում: Պետք է այնտեղ ավելացնել նաև բաց թողնված կետերն ու մի երկու տողով էլ նշել այն ուղիները, որով կառավարությունը պատրաստվում է առաջ շարժվել»,– ասաց Ս. Ադամյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում