Չմարող հրդեհ. ՊՊԾ գնդի չբացվող թնջուկը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատավարությունն էր, որը անցավ ոչ այդքան հերթական մթնոլորտում՝ հաշվի առնելով, որ դատավարությանը որպես վկա ներկա էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Օսիպյանի ներկայությունն ինքնին ենթադրել էր տալիս, որ որոշակի արտառոց իրավիճակ ամեն դեպքում կլինի: Ենթադրությունները, սակայն, ոչ միայն իրականացան, այլ ավելին՝ վիճակը ավելի քան արտառոց էր: Օսիպյանի դիրքորոշումն ու այդ դիրքորոշմանը հնչած բացասական արձագանքները բավական դառը տպավորություն թողեցին:
Սակայն մի կողմ թողնելով տեղի ունեցածի գեղագիտական մասը՝ առավել խորհրդանշական է խնդրի քաղաքական կողմը: Թվում էր, թե ՊՊԾ գնդի գրավման գործով դերակատարների մեծ մասի ազատ արձակումն ու համաներման արդյունքում նրանց նոր կարգավիճակը, որն ակնհայտորեն քաղաքական նոր իրավիճակի ու նոր իշխանության որոշման հետևանք էր, ի վերջո կքանդի այն լարվածության կծիկը, որ կա այդ գործով: Սակայն այդ կծիկը, ինչպես որ քարկապված էր նախկինում, այդպես էլ շարունակում է մնալ հիմա: Պայմանական ասած՝ նոր Հայաստանի ոստիկանապետի ներկայությունն ու դիրքորոշումը դատավարությանը ցույց է տալիս, որ մեծ հաշվով փոխվել է միայն գործով մեղադրվողների կարգավիճակը, բայց չի փոխվել գործում ներգրավված տարբեր սուբյեկտների փոխհարաբերությունը:
Այս խորհրդանշական դատավարությունն, ընդ որում, տեղի է ունենում մեկ այլ՝ ոչ պակաս հետաքրքիր ինֆորմացիոն առիթին զուգահեռ: Սամվել Բաբայանի աղմկահարույց հայտարարությունն առ այն, որ Սերժ Սարգսյանը 2017թ. հանդիպումներ է ունեցել Արցախի ռազմա–քաղաքական վերնախավի հետ ու խոսել է հնարավոր զիջումների մասին, անպատասխան չի մնացել: Թե՛ Բաբայանին ի պատասխան հնչած հայտարարություններում, թե՛ Բաբայանի խոսքերում կարմիր թելի պես անցնում է 2016թ. հուլիս ձևակերպումը: Բաբայանն, օրինակ, նշում է, թե հուլիսին ինքը Փաշինյանի հետ խոսել է ու ասել է Քոչարյանի մասին իր կարծիքը: Պատասխանողներն էլ՝ հիշատակվող հանդիպման փաստը վերագրում են ոչ թե 2017–ին, այլ 2016թ. հուլիսին:
Այն հանգամանքը, որ ՊՊԾ գնդի գրավման փաստը որոշակի, թեկուզև անուղղակի կապ ուներ 2016թ. ապրիլի հետ, գնալով ակներև է դառնում: Ծռերն, օրինակ, դեռևս գրավման օրերին էին պնդում, թե նման քայլի են գնացել, որպեսզի կանխեն հողերի հանձնման որևէ սցենար: Հիմա էլ հնչող հակասական հայտարարություններն են ուրվագծում կապը 2016թ. ապրիլի և հուլիսի միջև: Թե ինչպիսին է այդ կապն ուղղակիորեն, դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ ՊՊԾ գնդի գրավումն ինքնին մեկ խմբի գործողություն չէր պարզապես: Այն ունի քաղաքական շերտեր, որոնք ինչպես կոծկվեցին ու տեղավորվեցին բացառապես քրեական դատավարության տակ, այդպես էլ շարունակում են կոծկված լինել հիմա, նույնիսկ այն պարագայում, երբ գործով անցնողների գերակշիռ մասն ազատության մեջ է:
Ասել է թե, գործը իրավական իմաստով ստացավ գնահատական՝լավ, թե վատ, այլ հարց է: Բայց գործի քաղաքական գնահատականը չկա ու կարծես թե չի լինելու, ինչի արդյունքում մենք տեսնելու ենք հարցի շահարկումներ թե՛ ապստամբության կոնտեքստում, որը Ծռերը համառորեն կփորձեն ներկայացնել որպես թավշյա հեղափոխության հաջողության նախապատրաստական գրավական, թե՛ Արցախյան հարցում:
Ընդհանրապես, կարծես թե մենք ունենք քաղաքական գնահատականներ տալու խնդիր այս կամ այն բեկումնային փաստին ու սահմանափակվում ենք բացառապես իրավական գնահատականներով: Սա իր հետ բերում է մոլորությունների, մանիպուլ յացիաների ու շահարկումների մի հագեցած դաշտ: Այդ դաշտն ամեն անգամ համալրվում է, երբ ամեն հերթական իրադարձությունից հետո քաղաքական գնահատականներն այդպես էլ չեն հնչեցվում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում