Երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչները դժգոհություն էին հայտնել, թե ԱԺ ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը փակ քննարկում է անցկացրել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ և առցանց տիրույթում արգելելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ և այդ քննարկմանը հրավիրել է մի քանի լրատվամիջոցների։
ArmDaily.am-ի հետ զրույցում Հրաչյա Հակոբյանը նշեց, որ լրատվամիջոցներն ընտրվել են պատահականության սկզբունքով․‹‹Չէինք կարող բոլորին հրավիրել։ Եթե հաղորդագրություն տարածեինք, միգուցե բոլորն էլ ցանկություն հայտնեին մասնակցելու և տեխնիկապես հնարավոր չէր լինի այդ հանդիպումն իրականացնել։ Հնարավոր է՝ բոլորի ներկայությամբ բովանդակալից քննարկում չլիներ։Նշեմ, որ լրատվամիջոցներն ընտրվել են պատահականության սկզբունքով››։
Նա նաև նշեց, որ հաջորդիվ էլի քննարկումներ կլինեն այդ թեմայով։ ‹‹Սխալ տեղեկություն է տարածվել, թե լրագրողների հետ եմ հանդիպելու։ Ես քննարկման եմ հրավիրել կամ լրատվամիջոցների ղեկավարներին, կամ գովազդի պատասխանատուներին, քանի որ նախագիծը գովազդի մասին է։ Ի դեպ, կարդացի մի նյութ, որտեղ մի պայծառ միտք էր արտահայտված, թե այս նախագիծը լրատվամիջոցներ անկախության դեմ ուղղված քայլ է։ Սակայն նորից նշեմ, որ օրենքը վերաբերում է առհասարակ բուքմեյքերների, տոտոլիզատորների գովազդին և դա որակել մամուլի անկախության դեմ արվող քայլ, պարզապես ծիծաղելի է››,-հավելեց նա։ Այն դիտարկմանը, թե երբևէ խաղադրույք կատարել է, պատգամավորը նշեց․‹‹Առանձնապես հետաքրքրված չեմ խաղադրույքներով, նույնիկ ֆուտբոլով։Մի անգամ աշխարհի առաջնության ժամանակ ընկերոջս եմ 1000 դրամ տվել, որպեսզի խաղադրույք կատարի, սակայն պարտվել եմ››։
Դուսյա Ղազարյան