Կարեն Սարգսյան. «Սխալ մարդիկ են նշանակված, որոնք սխալ քայլեր են անում». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության ճանապարհային քարտեզը, որպես այդպիսին, արդեն հաստատվել է: Պարզ է նաև, որ այն իներցիոն է: Կառավարությունն այստեղ առանձնապես մանևրելու տեղ չունի՝ ինչ կա, դա է: Այսինքն՝ բյուջեն կա և այդ բյուջեի շրջանակներում պետք է տեղավորվի: Ներքաղաքական մի շարք հարցերի, իշխանության աշխատանքի ու կառավարության ծրագրի շուրջ խոսելով՝ մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Նա շեշտեց, որ այլ հարց է այն, որ ապագայում կառավարությունը գործընկերներից կարող է ինչ–որ աջակցություն ստանալ, որը թույլ կտա որոշ հարցեր մի քիչ ավելի ակտիվ լուծել:
Ըստ Կարեն Սարգսյանի, կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին դրական կամ բացասական վերաբերվելու ոչ մի իմաստ չկա, որովհետև նման փոփոխության գնալու հանգամանքը հայտարարված է եղել: Սակայն, նրա խոսքով, բացի դժգոհություններից, մեկ այլ հարց կա. «Արդյո՞ք բավականաչափ պրոֆեսիոնալ են կառավարության այն անդամները, որոնք հիմա զբաղվելու են այդ ոլորտներով»:
Սոցիոլոգը շեշտեց՝ ընդհանուր առմամբ, բազմաթիվ հարցեր կան. «Իրենք ունեն ինչ– որ իդեաներ և դրանք փորձում են իրականացնել, բայց այս պահին գնահատականը 3 է: Այն, ինչ ասում էի ամիսներ առաջ, մինչև հիմա շարունակվում է: Այսինքն՝ պատրաստ չեն այս ծանրության բեռը վերցնել: Լավ չեն պատկերացնում: 2019թ. ավարտին բավականին ժամանակ կա, բնականաբար, իրենք դաշտում փորձ են հավաքելու՝ մեր հաշվին»: Այդ համատեքստում սոցիոլոգը խնդրահարույց է համարում մի շարք որոշումներ: Նա ԵՊՀ գիտաշխատողների օրինակը բերեց, որոնք ծանուցումներ էին ստացել, որ լուծվելու է իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը. «Այս հարցը վարչապետի մակարդակի հարց է, որովհետև գիտությունից այդքան մարդ հեռացնելը հսկայական արձագանք է ենթադրում ուղեղների արտահոսքի համատեքստում: Կրթության և գիտության ոլորտը վստահել մի մարդու, որն ընդհանրապես հեղինակություն չունի այդ ոլորտում, արդեն վատ էր: Իսկ հետո թույլ տալ, որ այդ ոլորտում նմանատիպ մեծ արձագանք ունեցող երևույթներ լինեն, դա էլ է խայտառակություն: Մեծ հաշվով՝ կառավարությունը դեռևս պոզիտիվ բաներ չի անում: Հասարակական կարծիքի տեսանկյունից որևիցե պոզիտիվ բան չկա: Թիրախային նեգատիվ բաներ են արվում ու ոչ թիրախային ինչ–որ բաներ՝ բոլորի համար, իբրև թե պրոլետարիատի համար լավ է»:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում կադրային մի քանի փոփոխություններին, աշխատանքից ազատվող պաշտոնյաներին ու կադրային քաղաքականության վերանայման հնարավորությանը, Կ. Սարգսյանը նշեց. «Խնդիրը հետևյալն է. քանի որ ի սկզբանե ինչ–որ կորիզ չի եղել, որը տնտեսական և սոցիալական բլոկը ունակ է կառավարել, պարզ է, որ ինչ–որ մարդիկ գնալու, ինչ–որ մարդիկ գալու են: Իհարկե, խնդիրներ կան նաև ներսում և այդ ներքին կոնֆլիկտները շարունակվելու են: Օրինակ՝ տնտեսական զարգացման նախարարությունն ու գյուղատնտեսության նախարարությունը իրար միացնելը ինքնին ֆանտաստիկ բան է, որովհետև գյուղնախը, որպես այդպիսին, հնից, սովետից մնացած ինչ–որ ստրուկտուրա է: Եթե այդ տրամաբանության մեջ ենք դիտարկում, ապա գյուղնախն այդ նախարարության մեջ զբաղվելու է ներդրումներով: Որպեսզի հիմա գյուղատնտեսության ոլորտը կառավարությունը սարքի նեդրումային, ստացվում է, որ կոնֆլիկտի մեջ են մտնում բազմաթիվ մարդկանց հետ, որոնք գյուղատնտեսության ոլորտը սուբսիդավորված են տեսնում: Նրանք ունեն հետևյալ մոտեցումը՝ «այս գյուղում կարկուտը 10 ծառ է ծեծել, եկեք 10 միլիոն հատկացնենք այս գյուղին», բայց հետո պարզվում է, որ գյուղին 10 հազար դրամ է հատկացվել»:
Նրա խոսքով, այս ներքին կոնֆլիկտների հնարավորությունը վերաբերում է բոլոր ոլորտներին. «Կառավարությանն առաջին իսկ օրվանից ասել եմ՝ չի կարելի այդ դիլետանտ ճանապարհով գնալ: Պետք է մտածես՝ ինչ ես անում, հարցը կոնտեքստի մեջ նայես, բայց չեն նայել: Որոշումները կետային են, առանց ընդհանուր իրավիճակի վերլուծության: Յուրաքանչյուրը մի որոշում է կայացնում, կոնֆլիկտներ են առաջանում, ու մարդիկ սկսում են դուրս գալ աշխատանքից, և վստահությունը կորչում է, ո՛չ այն է լավ ստացվում, ո՛չ այս: Ժողովրդավարական ինստիտուտների տեսանկյունից սա նորմալ պրոցեդուրա է: Դա նշանակում է, որ մյուս ընտրություններին «Իմ քայլը» դաշինքն ինչքան էլ կաշի փոխի, չպետք է 30 տոկոսից ավելի հավաքի»:
Ինչ վերաբերում է ժամանակին, Կարեն Սարգսյանը նկատում է. «Եթե մարդը ոչ պրոֆեսիոնալ դիլետանտ է, իր համար ինչքան էլ ժամանակ լինի, միևնույն է, այն քիչ է լինելու: Ես նաև պետական համակարգում աշխատելու իմ փորձից եմ ասում՝ ամեն ինչ կարելի է երկու ամսվա ընթացքում անել: Ամենակարևորը քաղաքական կամքի, ինչպես նաև մասնագետներին կանչելու խնդիրն է: Օրենսդրական փոփոխությունները կարող են և երկար տևել, բայց կետային ցանկացած կոնկրետ խնդիր 2–3 ամսվա մեջ կարելի է լուծել: Այնպես որ, հարցն այստեղ ժամանակը չէ, հարցն այն է, որ հումանիտար կրթություն ունեցող մարդիկ փորձում են կառավարել ամեն ինչ: Սա է դժվարը, և սա գրեթե անհնար է»:
Նրա խոսքով՝ կարող էին ժամանակին հաշվարկել և չանել այն սխալները, որոնք հիմա են անում: «Հիմա սխալներ կատարելով՝ առաջ են գնում: Խնդիրն այն է, որ այժմ իրենք ժամանակ, փող, վարկանիշ, վստահություն են կորցնում, ընդ որում՝ ոչ միայն այստեղ, այլևս՝ դրսում: Խոսքը հայտարարված հիմնական ուղղու՝ ժողովրդավարական ինչ–որ բարեփոխումների, տնտեսական արդարության, կոռուցպիայի դեմ պայքարի մասին չէ: Սրանք ամբողջովին իրականացվելիք հանգամանքներ են: Խնդիրն այն է, որ կետային ոլորտներում սխալ մարդիկ են նշանակված, և այդ սխալ մարդիկ սխալ քայլեր են անում: Եվ, չգիտես ինչու, այդ մարդկանց դիմաց ոչ ոք չի դնում այդ սխալները: Կամ էլ դրվում է ինչ–որ փակ ժողովներում, ինչը վերածվում է հանրապետականի հին մոդելի: Այսինքն, երբ մեկն ինչ–որ սխալ, վատ բան է արել, հնարավոր է՝ իրեն կուսակցության ներսում կանչում, հաթաթա են տալիս, բայց մարդկանց չեն ասում, որ տվել են: Այստեղ ուրիշ հարց էլ կա, այնտեղ, երևի, բացի Նիկոլից, ոչ ոք չի հասկանում, որ իրենք, կոպիտ ասած, պատասխանատու են մեր առջև»,–եզրափակեց Կարեն Սարգսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում