Նախնական կալանքի մեկ օրը մեկ ու կես օր հաշվելու նախագիծը կառավարությունում ստացել է բացասական եզրակացություն
Society«Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ նախնական կալանքի մեկ օրը որպես մեկ ու կես օր հաշվելու օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունում աշխատանքային քննարկմանը բացասական եզրակացություն է ստացել: Այս մասին խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում:
«Նախնական կալանքի մեկ օր մեկ ու կես օր հաշվելու մասին նախագիծը հունվարի 14-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից դրվել էր շրջանառության մեջ: Այսօր կառավարության պետական իրավական հարցերի կոմիտեի նիստում այն բացասական եզրակացություն ստացավ»,-նշեց Մարուքյանը:
Նրա կարծիքով՝ եթե կառավարությունը դեմ է, ուրեմն խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը ևս դեմ կլինի նախագծին:
Մարուքյանը նույն՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ» ներկայացրել էր նաև նախորդ խորհրդարանում: Սակայն այն ԱԺ-ի լիագումար նիստում քվորում չլինելու պատճառով չընդունվեց: Խմբակցությունն այս անգամ նախագիծը լրամշակել էր և այն այլևս չէր տարածվում 2018-ի նոյեմբերից հետո կալանքի տակ գտնված անձանց վրա։
«Կառավարությունը նախորդ անգամ պնդում էր, որ մարդիկ շատ չեն կալանավորվում, ավելի շատ գրավ է կիրառում, մարդկանց իրավունքները չեն ոտնահարվում, քաղաքականություն է փոխվել: Ես հանեցի նախագծի՝ ապագայի վրա տարածումը և առաջարկում էի, որ այն տարածվի 2004-2018թթ. նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածի վրա»,-նշեց Մարուքյանն ու հավելեց, որ ինքն այդ առումով շատ դրական էր տրամադրված, կարծում էր, որ նախագիծը կընդունվի:
Նախագիծը դեռ պետք է քննարկվի կառավարությունում, հետո ԱԺ հանձնաժողովում ու լիագումար նիստում:
Նույն օրենսդրական նախաձեռնությունը նախորդ խորհրդարանում նոյեմբեր ամսին լիագումար նիստում քննարկվել էր: Սակայն քվորում չապահովելու պատճառով չէր ընդունվել: