Երեւանում ավելացել են բնակարանային գողությունները, նվազել սպանություններն ու ավազակության դեպքերը. Դատախազություն
SocietyՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երեւան քաղաքի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2018թ. Երեւան քաղաքի դատախազության եւ Երեւանի վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքներն ու խնդիրները: Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաեւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը, քննարկվել են մայրաքաղաքում հանցավորության վիճակին, հանցագործությունների կանխման, բացահայտման աշխատանքներին, մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, մեղադրանքի պաշտպանության որակին, ինչպես նաեւ դատախազության մյուս գործառույթների իրականացման արդյունավետությանն առնչվող հարցեր:
Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանն անդրադարձել է հատկապես հանցագործությունների բացահայտման, մայրաքաղաքի քրեական հետապնդման մարմինների կատարված աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրներին, ձեռքբերումներին եւ արձանագրված թերություններին:
Ըստ Գեւորգ Բաղդասարյանի՝ 2018թ. ընթացքում Երեւան քաղաքում գրանցվել է հանցագործության 11344 դեպք, նախորդող տարվա 10324-ի դիմաց: Դեպքերը, փաստացի աճել են 1020-ով, կամ 8.9%-ով: Գրանցված հանցագործության դեպքերի թվաքանակի աճը պայմանավորվել է միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների աճով:
2018թ. հանցագործությամբ պատճառված 1.981.242.023 դրամ վնասից վերականգնվել է 623.820.833 դրամը: Վնասների հիմնական հատուցումները եղել են տեխնիկական զննության կայանների վերաբերյալ քրեական գործերով:
2018թ. ընթացքում Երեւան քաղաքում արձանագրվել է սպանության 12 դեպք՝ նախորդ տարվանից մեկով պակաս: Այս հանցատեսակի բացահայտման ցուցանիշը բարելավվել է՝ նախորդող տարվա 80%-ի դիմաց կազմելով 85.7%:
91-ով կամ 19.8%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (368-459), 3-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ (86-89): 10.7%-ով կամ 3-ով նվազել են ավազակության դեպքերը (25-28):
Նախորդ տարվա համար մտահոգիչ աճ է արձանագրվել մայրաքաղաքում բնակարանային գողության դեպքերի մասով: Արձանագրվել է 801 նմանատիպ դեպք՝ նախորդ տարվա 441-ի դիմաց, աճը կազմել է 81.6%: Դրան զուգահեռ շարունակվում է տարեցտարի նկատվող բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների նվազման միտումը՝ 2018թ. կազմերով ընդամենը 9.5 տոկոս: