Գրաբարյան ցիտատներով եվրանեսթյան ձևաչափեր
AnalysisՀՀ-ում արդեն մոտ մեկ տարի ՝ ինչ այլ իրականություն է տիրում, այս ֆոնին հատկանշական է հատկապես նորընծա իշխանությունների արտասահմանյան այցերը, որոնք անցնում են բավականին բուռն ու ջերմ ոգևորվածությամբ: Ամենատարբեր միջոցառումների, վեհաժողովների մասնակցող պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները վերադարձից հետո հոխորտալից ու վերամբարձ տոնով շեշտում են, թե ինչպես են արտասահմանցի գործընկերներին պատմել հայաստանյան հեղափոխության մասին: Վարչապետի՝ դրսի լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ ՀՀ-ում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա հեղափոխություն: Իսկ արդեն օրերս լրագրողներին նույն բանը փոխանցեցին նաև ԵԽԽՎ-ի ու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների հայաստանյան պատվիրակության անդամները՝ նշելով, թե եվրոպացի գործընկերները ողջունել են Հայաստանում տեղի ունեցած «վերջին գործընթացները»:
Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքրականն այն է, որ ապրիլյան իշխանափոխությունից հետո թավշե հեղափոխության էյֆորիայի մեջ գտնվող չինովնիկները փոխանակ գործով զբաղվեին պարբերաբար կենացային և ուղեղային մերսում հիշեցնող քաղաքական չելենջներով են զբաղված: Խորհրդարանի լուծարումից, արտահերթ ընտրություններ անցկացնելուց, օրենսդիր ու գործադիր նոր մարմիններ ստեղծելուց հետո Հայաստանի պատվիրակներն արտասահմանցիներին հեղափոխության մասին չէ, որ պետք է պատմեն կամ գովեն իրենց սխրանքները: Նման ձևաչափի հանդիպումները հրաշալի առիթ են երկրի տնտեսական առաջընթացի, հարևան երկրների հետ հարաբերությւոնների, ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական վերադասավորումների մասին քննարկումներ ծավալելու համար: Փաստ է, որ առաջնահերթը` Արցախյան հիմնախնդրի ու մեր հարևան երկրի ռազմատենչ նկրտումների մասին կարևորագույն հարցը, ինչի մասին պետք է մշտապես խոսել՝ հաճախ նույնիսկ հաշվի չառնելով հանդիպման ձևաչափն ու բովանդակությունը:
Երիտասարդ երեսփոխանների միջազգային ասպարեզում թավշյա հեղափոխության մասին խոսելու ցանկությունն այնքան մեծ է, որ «Իմ քայլը» խմբակցության տքնաջան ջանքերի շնորհիվ, ՆԱՏՕ-ի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տավիրակություններում խորհրդարանական ընդդիմությունից ներկայացուցիչ չի լինի: Անշուշտ խելամիտ չէ նմանատիպ պատվիրակությունում և նման ձևաչափերում աշխատելու փորձ ունեցող պատգամավորներին չընդգրկելն ու այն ամբողջությամբ անփորձներին վստահելը: Միջազգային ամբիոններից արտաբերված ամեն բառն ու խոսքը պետք է կշռադատված, փաստարկված, պետական շահը ներկայացնող ու հստակ ուղերձներ պարունակող լինի: Սա արդեն հայրենի ԱԺ-ի քաղաքական հարթակը չէ, որ պատգամավորները գրաբարյան ցիտատներ անեն, կամ խոսեն Իրանի ավտորիտար լինելուց:
Իսկ թե ՀՀ-ում տեղի ունեցածն իրականում հեղափոխություն էր, թե բունտ, պարզ արտացոլվում է կառավարության ներկայացրած ծրագրում: Ըստ հեղափոխության գաղափարախոսության՝ ակնկալվում էր, որ կառավարությունը պետք է հեղափոխական ծրագիր ներկայացներ՝ աշխարհայացքային ու փիլիսոփայական մոտեցումներով, տնտեսական ու կառուցվածքային ռեֆորմներով, սահմանադրական ու օրենսդրական փոփոխությունների հայեցակարգերով: Պետք է համազգային քննարկումներ ընթանային, պատգամավորները, միմյանց հերթ չտալով, այնքան ելույթներ ունենային, որ ամբողջ ազգը նրանց անուն առ անուն ճանաչեր, կամ ուղղակի մտքի ու ոգու հեղափոխությունը պետք է հանգիստ չտար: Բայց տեսանք, որ նախորդ իշխանություններին ճառ ու կենաց ասելու մեջ մեղադրող ներկաներն այժմ էլ ավելի «ճոխ» կենաց-ծրագիր են ներկայացրել՝ պետական այդ փաստաթղթում չմոռանալով ևս մեկ անգամ նշել, որ կառավարության ծրագիրը նպատակ ունի երջանկացնելու մարդկանց:
Անդրանիկ Հարությունյան