Գազպրոմի եվրոպական նոր հեռանկարները
International newsՕրերս Գազպրոմն իր եվրոպական քաղաքականության մեջ մի յուրատեսակ վերաբաշխում կատարեց: Գերմանիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները Բրյուսելում տեղի ունեցած համաժողովում ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի համար կարևոր կոմպրոմիսի հասան:
ԵՄ երկրների պաշտոնական ներկայացուցիչները փետրվարի 8-ին Բրյուսելում քննարկում էին Գազային դիրեկտիվի լրացումները, որ կարող էին խանգարել «Հյուսիսային հոսք 2»-ին: Այդ լրացումները մշակվել են 2017-ին, բայց քննարկումը հետաձգվել էր ԵՄ-ում Ավստրիայի ու Բուլղարիայի նախագահության օրոք: Լրացումները ենթադրում են, որ «Գազպրոմը» պետք է հրաժարվի գազատարի օպերատորի իրավասությունից ու փոխանցի անկախ ընկերության, նաև հրաժարվի «Հյուսիսային հոսք 2-ի» հզորության 50%-ից: Նախօրեին լրացումներին աջակցության մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Գերմանիան մինչև հիմա արգելափակում էր քննարկումը: Իսկ արդեն նախօրեին Բեռլինն ու Փարիզը հասան կոմպրոմիսի և ներկայացրին ԵՄ երկրներին Բրյուսելում: Ստացվում է այնպես, որ ԵՄ-ի քննարկմանը ներկայացված առաջարկը մեղմացնում է Գազային դիրեկտիվի կետերը, որ կարող էին խանգարել «Հյուսիսային հոսք 2»-ի լիարժեք իրականացմանը: Նոր խմբագրությունը չի արգելափակում ռուսական նախագիծը:
Հատկանշականն այն է, որ այս պարագայում Բեռլինին է փոխանցվում գազատարի վերահսկողության առանցքային դերը, քանի որ Գերմանիայի տարածքով է անցնում ու ԵՄ հասնում: Դա սկզբունքային տարբերություն է բոլոր նախկին տարբերակներից` փոփոխված Գազային դիրեկտիվի նորմերը, որ վերաբերվում են նոր խողովակաշարերին, մնում են այն երկրի ենթակայության տակ, որի տարածքով մտնում են ԵՄ տարածք:
Ամփոփելով նշենք, որ ռուսական գազատարը, որ Բալթիկ ծովի հատակով պետք է Ռուսաստանից Գերմանիա հասնի, ԵՄ-ում վեճերի առարկա է վաղուց: Բրյուսելի խորհրդակցությունից առաջ գերմանական լրատվականները հաղորդել էին, որ Ֆրանսիան դեմ է Գերմանիայի` «Հյուսիսային հոսք-2»-ը ԵՄ սահմանափակումներից ազատելու ցանկությանը, որովհետև Փարիզը չի ցանկանում մեծացնել Մոսկվայից կախումը: Բանակցությունները բարդացնում է և Դանիան, որ Գազպրոմին թույլ չի տալիս Բալթիկ ծովի իր տնտեսական տարածք մտնել: ԵՄ-ի գազային դիրեկտիվի լրացումները սկսվել էին 2017-ի աշնանը: Եվրահանձնաժողովի առաջարկած լրացումների նպատակ էր եվրոպական էներգետիկ օրենսդրության առանցքային սկզբունքները տարածել ԵՄ երկրների տարածքով անցնող բոլոր գազատարների վրա: Հիմա այդ կանոնները «Հյուսիսային հոսք 2»-ի վրա չեն տարածվում, եթե լրացումներն ընդունվեին, էականորեն կկրճատվեր Գազպրոմի իրավասությունները նախագծում: Ռուսական գազային մոնոպոլիստը պետք է ապահովեր խողովակաշար այլ մատակարար ընկերությունների մուտքը, բացի այդ` լրացումները ենթադրում են վաճառքի ու վառելիքի տեղափոխման գործունեության առանձնացում:
Ընդգծենք նաև պետք է համաձայնեցվեին մաքսատուրքերը կարգավորիչի հետ, որ շահագործելը բացառվեր: Երբ նոր լրացումները հայտնի դարձան, Nord Stream 2 AG ընկերությունը հայտարարեց, որ կորուստների փոխհատուցում կպահանջի, եթե ԵՄ-ն գազային օրենսդրությունը փոխի ի վնաս նախագծի: Nord Stream 2 AG –ն նախագծային ընկերություն է, որ ստեղծվել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման ու շահագործման համար, որի հիմնական բաժնետերը Գազպրոմ ընկերությունն է:
Անդրանիկ Հարությունյան