Նիկոլն ընդդեմ Նիկոլի
AnalysisՆախօրեին հաստատվեց կառավարության ծրագիրը, որն աչքի ընկավ բուռն քննարկումներով: Քննարկման կուլմինացիան Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթն էր, որը կարելի է համարել Փաշինյանի կռիվը Փաշինյանի դեմ ։ Բոլորս ենք նկատել, որ Փաշինյանը վարչապետ դառնալու հենց առաջին օրերից սկսած ինքն իրեն մերժելով գնում է առաջ։ Խոսքն ամենևին ծրագրի տնտեսական մասին չի վերաբերում, այլ «քաղաքական հեղափոխության» հատվածին և «դարակազմիկ» բացահայտմանը. «Աղքատությունը մարդկանց գլխում է»։
Կարևոր է փաստել մի կարևոր հանգամանք. տարիներ շարունակ Հայաստանում գիտնականներ, մտավորականներ ապրել են աղքատության մեջ, չեն կարողացել անգամ իրենց նվազագույն կենցաղային պահանջներն ապահովել, դրան զուգահեռ հայտնի օլիգարխները, որոնց մականուններն ամեն ինչ ասում են, միլիոններ են դիզել։ Հիմա, Փաշինյանի տրամաբանությամբ, գիտնականը լավ չի ապրել, քանի որ աղքատությունը նրա գլխու՞մ է եղել, իսկ հայտնի մեծահարուստներն ի ծնե «հարուստի» գլու՞խ են ունեցել։ Հարկ է չմոռանալ նաև, թե ո՞վ էր ԱԺ ամբիոնից հայտարարում, թե շուտով պատգամավորներից մեկը խոշոր կաշառքի գործով ձերբակալվելու է, շաբաթներ անց իրավապահները հայտնեցին, թե ով է այդ պատգամավորն ու ինչ մեղադրանքով է կալանավորվելու։
Միաժամանակ հետաքրքրական այն է, որ 20 տարի ընդդիմություն եղած և միշտ ընդդիմության ձայնը չլսելու մասին բողոքող մարդը հիմա դեմ է և չի կարողանում լսել ընդդիմության քննադատությունը՝ դա այս իշխանության համար տհաճ է: Ընդ որում, եթե այսօրվա ընդդիմադիրների և մեկ տարի առաջվա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթները համեմատենք, ապա նախկին իշխանությունը պետք է ամեն ԱԺ նիստում անարգանքի սյունին գամեր Փաշինյանին, ինչպես երեկ նա վարվեց խորհրդարանական ընդդիմադիրների հետ:
Այստեղ նկատում ենք մի տարօրինակ բան՝ կրկին վարչապետ Փաշինյանի մեջ արթնացել էր հեղափոխական Նիկոլը, ու նա քարը քարին չէր թողնում: Ամենազավեշտալին էլ այն էր, որ հերթական ջղային ելույթից հետո մի տոն ցածր ձայնով հավելում էր, թե ով է ասում, որ մուննաթ են գալիս: Իսկ մինչ այդ նրա թիմակիցներն էլ հետ չէին մնում իրենց ղեկավարից: Ընդդիմությանը մեղադրելով հեգնելու, ծաղրելու մեջ` նրանցից մեկն ասաց, թե «սգո սերվիս դեմքերով» են խոսում ընդդիմադիրները: Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք խորհրդարանական ընդդիմադիրներին:
Անդրանիկ Հարությունյան