Մյունխենյան համաժողովի «դեկլարատիվ» կողմը
International newsՓետրվարի 16-ին Մյունխենում մեկնարկեց Անվտանգության հարցերով ամենամյա համաժողովը: Համաժողովում հետաքրքրական բան տեղի ունեցով. փաստացի ԵՄ-ն ու ԱՄՆ-ը հաստատեցին իրենց կայուն տարաձայնությունները Իրանի ու Սիրիայի խնդիրներով, նաև` առևտրի ու էներգետիկայի: Նա բացման օրը ելույթ ունեցան ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հատկանշականն այն էր, որ Մյունխենի կոնֆերանսում առաջին անգամ կայացավ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի միջկառավարական հանդիպումը: Երկու երկրների ղեկավարության շփումները սառեցված են 2018-ի մարտից Սկրիպալների թունավորման պատճառով: Բրիտանիայի պետքարտուղար Ալան Դանկանը բանակցեց ՌԴ ԱԳ փոխնախարար Վլադիմիր Տիտովի հետ: Բանակցություններում Դանկանը հայտարարել է, որ խոր տարաձայնությունները մնում են և կոչ է արել Ռուսաստանին «ուրիշ ճանապարհ ընտրել»` գործելով իբրև «պատասխանատու գործընկեր»:
Փենսն իր ելույթում վերջին մի քանի օրերին արդեն երկրորդ անգամ ԵՄ-ին կոչ արեց դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ի պատասխան հայտարարեց, որ ԵՄ-ն բոլոր ջանքերը կգործադրի միջուկային գործարքի պահպանման համար, որից ԱՄՆ-ը միակողմանի դուրս է եկել 2018-ին: Կանցլեր Մերկելն իր հերթին քննադատել է Վաշինգտոնի որոշումը, ըստ որի ` ԻՊ-ի դեմ հաղթանակից հետո Սիրիայից դուրս կբերվեն 2000 զինվորները: Կանցլերի կարծիքով` դա կուժեղացնի Իրանի ու Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Մյունխենում Ֆրանսիայի ԱԳՆ-ն Վաշինգտոնի սիրիական ռազմավարությունն անվանել է «հանելուկ»: Ժան Իվ Լե Դրիանը համաժողովում, դիմելով ամերիկացիներին` հայտարարել է. «Ինչպե՞ս կարելի է հաստատուն դիրքորոշում ունենալ Իրանի հարցում և միաժամանակ թողնել Սիրիայի հյուսիս-արևելքը, եթե հասկանալի է, որ ամեն ինչ ավարտվելու է այդ գոտում իրանական ներկայության ուժեղացումով»:
Պարզ է մի բան՝ եվրոպացիները հրաժարվում են Սիրիայի հյուսիս-արևելք դիտորդական առաքելություն ուղարկել: ԱՄՆ-ը դաշնակիցներին խնդրում է իրենց ներկայությամբ ապահովել սիրիացի քրդերի անվտանգությունը, որոնց Թուրքիան սպառնում է:
Իր ելույթում ԱՄՆ փոխնախագահը նորից քննադատել է Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը` պնդելով. «Մենք չենք կարող ուժեղացնել Արևմուտքը, կախված դառնալով Արևելքից»: Մայք Փենսը կոչ է արել ԵՄ-ին Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոյին ճանաչել նախագահի պարտականություններ կատարող: Նշենք, որ ԵՄ 19 երկրներ միակողմանի ճանաչել են Գուայդոյին պետության ժամանակավոր ղեկավար, սակայն նաև ընդգծենք, որ մի քանի երկրներ (այդ թվում` Իտալիան) դեմ են ԵՄ-ի նման պաշտոնական քայլին:
Ամփոփելով նշենք մի հետաքրքիր հանգամանք՝ Սերգեյ Լավրովն իր մյունխենյան ասուլիի ընթացքում հնչեցրել է քանիցս հնչեցրած դեկլարատիվ պատասխաններ: Առաջին հայացքից սա վկայում է այն մասին, որ պետությունն ունի կայուն արտաքին քաղաքականությունը, մյուս կողմից` հարց է ծագում, իսկ ինչի՞ համար են բոլորը բոլորին հանդիպում, եթե տեսակետները մնալու են ամփոփոխ: Գուցե հենց այդ պատճառով Մյունխեն չէին գնացել Էմանուել Մաքրոնն ու Բենյամին Նեթանյահուն:
Անդրանիկ Հարությունյան