Կառավարության 10-ամսյա գործունություն թե՞ անմեղսունակ արդարացում
AnalysisԽոսենք մի հետաքրքրիր հանգամանքի մասին. Հայաստանում վերջին 10 ամսվա ընթացքում, այսինքն «հեղափոխական-իրավիճակային» ռեֆորմից հետո, ներքաղաքական դաշտում բավականին լուրջ ցնցումներ տեղի ունեցան: Նախ քաղաքական դաշտը բաժանվեց մի քանի սեգմենտի՝ «սերժականների» ու «նիկոլականների», հետո հանրությունը բաժանվեց սևերի ու սպիտակների, իսկ մինչ օրս լրատվամիջոցներն ու լրագրողներն են բաժանվում՝ «նախկին ռեժիմի ստրուկների», «հինգերորդ շարասյան» ու հեղափոխության ջահակիրների:
Այս տենդենցը կրում է ակնհայտ և չքողարկված բնույթ, այն աստիճան, որ նախորդ շաբաթ ԱԺ քաղաքական թիվ մեկ ամբիոնից վարչապետ Փաշինյանը, առիթը բաց չթողեց հերթական անգամ թիրախավորելու լրատվամիջոցներին՝ մեղմ ասած հորդորելով լրատվամիջոցներին, «հանգիստ նստել տեղները», այլապես ձեզ էլ «կմերժենք»:
Իրականում հասարակության խնդիրներն ու պաշտոնյաների չարաշահումները բարձրաձայնելը հաճելի չէ ոչ մի իշխանության, քանի որ հաճախ քննադատության կիզակետում են հայտնվում նաև ընդդիմադիր կամ արտախորհրդարանական ուժերը` սխալ կամ հասարակությանը վնասող քայլերի համար:
Անցած ամիսների ընթացքում նոր իշխանությունները կարող էին սովորել, որ անքուն գիշերների, շատ աշխատելու, խոր ընկճախտի ու սթրեսի մեղավորները հասարակ մահկանացուները չեն: Եթե կառավարման մի շարք ոլորտներում տեսանելի արդյունքներ չեն երևում, չնայած դրանց շտկման մեծագույն ցանկությանը, ապա ո՛չ ընդդիմությունն է մեղավոր, ո՛չ էլ, առավել ևս, լրատվամիջոցները: Ամենատարբեր օղակների ու անհատների վրա մեղքը բարդելով, խուսափելով ուղղակի կամ անուղղակի պատասխանատվությունից՝ հարցին ոչ թե լուծում ես տալիս, այլ խորացնում առկա ճգնաժամը: Պետք է քաջություն ունենալ ու հրաժարվել բոլորին մեղադրելու մոլուցքից, հասցեական ընդունել սխալն ու աշխատել հարցի հնարավոր լուծումների շուրջ: Անկախ այն հանգամանքից, թե ինչքանով է նոր իշխանությունների սրտով լրատվամիջոցների քննադատությունը, նրանք, ի վերջո, պետք է ընդունեն, որ շատ ավելի շահեկան է քննադատություն լսելը, քան հասարակության շահերը ներկայացնող անձանց վրա ատելություն ու լուտանք թափելը:
Անդրանիկ Հարությունյան