Ֆրանսիայում կրթություն երեք տարեկանից
International newsՎերջին մեկ շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին խոսելիս, մի հետաքրքիր տեղեկատվության հանդիպեցի. Ֆրանսիայի խորհդարանում փետրվարի 11-ից սկսվել է կրթության մասին նոր օրինագծի քննարկումը, որ պարտադիր ուսուցում է սահմանում 3 տարեկանից:
Նշենք, որ Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Միշել Բլանկեն օրինագիծը համարում է «վստահության նոր դպրոց»: Բայց կրթության ընդհանուր մակարդակը բարձրացնելու և սոցիալական արդարության գաղափարն առաջ մղելու կոչված օրինագիծը հարուցում է ուսուցիչների ու արհմիությունների հարցերը: Կրթական բարենորոգման գլխավոր կետը դարձել է պարտադիր նախադպրոցական կրթությունը` սկսած 3 տարեկանից: Պարտադիր կրթությունը 6-ի փոխարեն 3 տարեկանում սկսելու մասին նախագահ Մաքրոնը հայտարարել էր դեռևս 2018-իմարտի 27-ին: Իշխանությունները հույս ունեն ամրապնդել դպրոցի դաստիարակչական դերը, հատկապես խնդրահարույց շրջաններում:
Նախատեսված կարգով հաջորդ ուսումնական տարվանից բարեփոխումը կվերաբերի 26000 երեխաների, որ հիմա մանկապարտեզ չեն գնում: Ֆրանսիայի կրթության նախարարության տվյալներով` 3-5 տարեկան երեխաների 98,9% առանց այդ էլ մանկապարտեզ է գնում: Նոր օրենքը թույլ է տալիս ծնողներին, ովքեր չեն ցանկանում իրենց երեխաներին դպրոց ուղարկել, չանել դա, բայց իշխանությունները խոստանում են ուժեղացնել վերահսկողությունն այդ ընտանիքների նկատմամբ: Մինչև այսօր դպրոցական ուսուցումը Ֆրանսիայում պարտադիր էր 6-16 տարեկանում: 6 տարեկանն ուսուցման սկիզբ է սահմանել 1882-ին կրթության նախարար Ժյու լՖերին: Նոր օրենքը ներմուծում է «օրինակելիության» գաղափարը մանկավարժների ու ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար: Օրինագիծն ուսուցիչներից «օրինակելի» վարքագիծ է պահանջում սովորողների ու նրանց ընտանիքների հարգանքի դիմաց: Օրինագծի այս դրույթն ուսուցիչների դժգոհությունն է հարուցում` նրանք խոսքի ազատության դեմ ոտնձգություն են տեսնում` վերջին ամիսների բողոքական տրամադրությունների ենթատեքստում:
Ընդ որում՝ նոյեմբերին Ֆրանսիայով անցավ ուսուցիչների գործադուլի ալիք` դպրոցական կրթության կառավարության քաղաքականության ու 3600 պաշտոնների կրճատման դեմ դպրոցներում: «Դեղին ժիլետների» շարժման համապատկերում Ֆրանսիայում հայտնվեց «կարմիր գրիչների» շարժում, որ միավորում էր 60 000 ուսուցիչների: Նրանք պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, աշխատավարձի բարձրացում ու դեմ են Բլանկեի բարեփոխումներին:
Ընդգծենք, որ նոր օրինագծի կարևոր դրութներից է միջազգային դպրոցների ստեղծումը` եվրոպական կամ միջազգային դիպլոմներով: Այդ դպրոցները կարող են ԵՄ-ից, միջազգային այլ կազմակերպություններից ֆինանսավորում և նվիրատվություններ ստանալ: Ֆրանսիան ցանկանում է իր կրթական համակարգն առավել գրավիչ դարձնել երկլեզու ու եռալեզու ընտանիքների երեխաների համար: Արհմիությունները դեմ են «հարուստների համար դպրոցների» ստեղծմանը, պատգամավորներն օրենքում լրացում են արել, որ միջազգային դպրոցները պետք է հասանելի լինեն բոլորին:
Անդրանիկ Հարությունյան