Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին
International newsԹուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը խոստանում է վերանորոգել Դիարբեքիրի Սուր շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը մեծապես վնասվել է վերջին տարիներին Քրդական բանվորական կուսակցության դեմ թուրքական ուժայինների գործողությունների հետևանքով: Ինչպես հաղորդում է թուրքական Daily Sabah պարբերականը նշում է, որ հայկական եկեղեցու, ինչպես նաև տեղի քաղդեական եկեղեցու վերանորոգման ծախսերը կառավարությունը վերցրել է իր վրա:
Սուրի ղեկավար Աբդուլլահ Չիֆթչին հայտնել է՝ ակնկալում են, որ վերանորոգման աշխատանքները, որոնք ամենայն հավանականությամբ կկազմեն 10 մլն թուրքական լիրա (1.8 մլն ԱՄՆ դոլար) կսկսվեն շատ շուտ:
Ուշագրավ է, որ նա Սուրբ Կիրակոս եկեղեցու՝ անմխիթար վիճակում հայտնվելու պատասխանատու է հայտարարել քրդերին, մինչդեռ այն մեծապես տուժել է հենց թուրքական ուժայինների գործողություններից:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից է: Մեծ դժվարությամբ իրականացված վերանորոգման աշխատանքներից հետո 2011 թվականին այն վերաբացել էր դռները հավատացյալների առաջ:
2012 թվականի նոյեմբերին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվել էր վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի էր ունեցել նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել էին Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915թ.-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավերել էին այն:
Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել 97 տարի անց: 2015 թվականից այն թաղամասում, որտեղ գտնվում է եկեղեցին, վերսկսվել էին բախումները թուրքերի ու քրդերի միջև: Դրանք հատկապես սաստկացել էին 2016 թվականի հուլիսի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո: