Ծնողները ալկոհոլի հանդեպ թուլություն ունեն․ ինչու էր 12-ամյա երեխան տանից փախել
SocietyՈստիկանությունը փետրվարի 19-ին հաղորդում էր տարածել, որ որպես անհետ կորած որոնվում է Դարբնիկ համայնքի բնակիչ՝ 12-ամյա Հրաչյա Բադասյանը։ Երեխան հաջորդ օրը գտնվեց Երևանում։
Համայնքի ղեկավար Դավիթ Գզիրյանը հայտնեց, որ նման դեպքեր էլի են եղել․ «Պատճառը չգիտեմ, թե ինչո՞ւ էր կորել, բայց սա առաջին անգամը չէ, որ երեխան տանից փախչում է»։
Գզիրյանի խոսքով՝ երեխան սովորում է 6-րդ դասարանում և որևէ առողջական խնդիր չունի․ «Իրենից 1-2 տարի փոքր քույր ունի, ով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, սակայն այժմ բուժվել է»։
Գյուղապետը նշեց, որ մի փոքր պրոբլեմատիկ ընտանիք է, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչ նկատի ունի պրոբլեմատիկ ասելով․ «Անցած տարի երեխաներին մեկ ամսով ուղարկել ենք Ծաղկաձոր հանգստանալու, մայրն էլ առողջական խնդիր ունի, ուղարկել ենք բուժման, անընդհատ գումարով, հագուստով ու ուտելիքով օգնում ենք իրենց, նրանք չեն աշխատում, անընդհատ կանչել, հորդորել եմ, հողամաս էլ ունեմ, ասում եմ մշակեք, ոչինչ չեն անում»։
Համայնքի բնակիչներից մեզ հայտնեցին, որ երեխայի հայրն ու մայրը ալկոհոլի հանդեպ թուլություն ունեն, մայրը՝ էպիլեպտիկ է, սակայն դժվարացան ասել ընտանիքում բռնություն կա՝ թե ոչ։