«Եթե լուրջ խնդիր չես դնում, քո ինչի՞ն է պետք տեղեկատվական տեխնոլոգիան». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայտարարված տնտեսական հեղափոխության, այդ համատեքստում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ռազմավարական մի շարք ուղղությունների կարևորությունն է ընդգծում.
«Նախևառաջ կրթությունն է, երկրորդը՝ Հայաստանի՝ աշխարհին ճանաչելի տեխնոլոգիական բրենդի ստեղծումը: Երրորդ ուղղությունը մեր ռազմարդյունաբերությունն է: Չորրորդ ուղղությունը՝ «Հայաստանը՝ որպես պատվիրատու»: Նկատի ունեմ այն, որ շատ հաճախ մենք լուծումներ ենք տալիս աշխարհի տարբեր կետերի համար, բայց Հայաստանը դրանից չի օգտվում: Այսինքն՝ ի՞նչ ենք մենք օգտագործում մեր պետության համար: Հինգերորդ ուղղությունն առաջատար տեխնոլոգիաների բիզնեսի զարգացումն է Հայաստանով մեկ, այդ բիզնեսի դիվերսիֆիկացիան՝ բոլոր տարածաշրջաններում»,– մեզ հետ զրույցում ասաց Կարեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ կոնկրետ կրթության առումով իրենց կողմից այսօր երկու կարևոր ծրագիր է իրականացվում:
«Խոսքն «ԱրՄաթ» լաբորատորիաների և «Իրական դպրոց» ծրագրերի մասին է:
«ԱրՄաթ»–ը 10–18 տարեկան երեխաների համար է, որտեղ նրանք սովորում են ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, էլեկտրոնիկա, ռոբոտաշինություն: «Իրական դպրոցի» խնդիրը մի քիչ ավելի ուրիշ է: Հիմքում ավելի շատ մասնագիտական կրթությունն է: «Իրական դպրոցը» նախատեսված է 15–18 տարեկան պատանիների համար: Երեխաները ոչ միայն համակարգչային գիտություն են սովորում, այլ զարգացնում, խորացնում են բիզնես հմտությունները: «Իրական դպրոցը» մեր հիմնական, առաջատար մասնագետների, այդ թվում՝ նաև կառավարչական բնույթի մասնագետների դարբնոցն է լինելու»,–ընդգծեց Կ. Վարդանյանը:
Ինչ վերաբերում է ընդհանուր ինժեներական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությանը, Կարեն Վարդանյանը նշեց. «Այսօր, կարելի է ասել, պետության ռազմավարությունը 99 տոկոսով համընկնում է մեր ռազմավարության հետ: Որևէ լուրջ հակասություն չունենք հիմա: Կարելի է ասել, որ հիմա, երբ տեսական հակասություն չկա, արդեն ավելի շատ իրականացման, պրակտիկ կիրառման ժամանակահատվածն է»:
Կարեն Վարդանյանը հայտնեց նաև, որ դիմել են կառավարությանը:
Մեկ քայլ առաջ ենք ուզում անել: Ուզում ենք մոտակա երկու տարվա մեջ բոլոր դպրոցներում «ԱրՄաթ» լաբորատորիաներ ներդնել: 6 տարվա կտրվածքով ենք դիտարկում հարցը: Ու այդ առումով ֆինանսական հաշվարկ ենք ներկայացրել կառավարությանը: Այդ ընթացքում պետությունը պետք է ներդնի մոտ 15 միլիարդ դրամ, բայց կստանա 60 միլիարդ: Այսինքն, մեծ հաշվով, սա նաև շատ լուրջ բիզնես պրոյեկտ է: Հույս ունենք, որ դրական արձագանք կլինի»,– նշեց նա:
Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ոլորտի նվաճումները երկրի ներսում օգտագործելու հեռանկարին, Կարեն Վարդանյանը շեշտեց.
«Որպեսզի հայկական բիզնեսը ցանկություն հայտնի տեխնոլոգիան օգտագործել, նախ պետք է ցանկանա մեծանալ, պետք է ցանկանա նաև դրսի շուկաները գրավել:
Ցավոք, այդ ամբիցիաները շատ թույլ են Հայաստանում: Հայկական միջին բիզնեսին ե՞րբ է պետք գալու այն: Միայն այն պարագայում, եթե ուզում է էֆեկտիվությունը բարձրացնել հատկապես դրսում, որովհետև Հայաստանում մրցակցությունը շատ թույլ է: Այդ ժամանակ արդեն տեխնոլոգիա օգտագործելն իրեն անհրաժեշտ է լինելու: Դրա համար տնտեսության ընդհանուր զարգացումը մեր ոլորտի համար էլ շատ շահավետ կլինի, և հույս ունենք, որ ինչ–որ ձևով այդ հարցը կլուծենք»:
Նա նշեց, որ տնտեսության բոլոր օղակների զարգացման արդյունավետությունից է կախված նաև ՏՏ ոլորտի զարգացումը. «Եթե դու լուրջ խնդիր չես դնում, քո ինչի՞ն է պետք տեղեկատվական տեխնոլոգիան: Եթե կառավարման, լոգիստիկայի և այլնի մեջ լուրջ խնդիրներ չես դնում, այն քեզ պետք չէ, կարող ես «չոտկով» էլ աշխատել»:
Հարցին, թե այսօր այդ լուրջ խնդիրները որքանո՞վ են դրված, Կ. Վարդանյանն արձագանքեց. «Դա մեր խնդիրը չէ: Մեզ մոտ ցանկությունն է, բայց այդ խնդիրը կառավարությունը պետք է դնի իր առաջ՝ հայկական բիզնեսը բարձրացնելու համար»: Նա հավելեց, որ պետք է գործողություններ սկսվեն, և միայն այդ ժամանակ կարող է գնահատական հնչեցնել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում