Պետությունը «տանիքը» չի ապահովում, հասարակությունն էլ մտածում է, որ ինչ ցանկանա՝ կարող է խոսել ու պահանջել. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափի հերթական բարձրացումից հետո շարունակվում են բուռն քննարկումներն այն մասին, թե ծխախոտի առավելագույն մանրածախ գինն արդյո՞ք օրենքով է սահմանված և արդյո՞ք մանրածախ շուկայում կարելի է այն՝ ծխախոտի վրա նշված գնից ավելի թանկ վաճառել:
Տնտեսվարողները նշում էին, որ սիգարետ ներմուծող և արտադրող կազմակերպությունները տուփի վրա նշված գնից 4–7 % ցածր գնով են այն իրենց հանձնում: Եվ ստացվում է, որ, օրինակ, եթե առավելագույն մանրածախ գինը 600 դրամ է, և կազմակերպությունները մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններին այն տալիս են, օրինակ՝ 550–ով, ապա 5% հարկ մուծելուց հետո, խանութին, որպես եկամուտ, մնում է մոտ 20 դրամ:
«Այսինքն, ընդամենը 3, 64% կեղտոտ եկամուտ է մնում խանութին, և եթե դրանից հանենք սիգարետի վաճառքի լիցենզիայի համար վճարվող գումարը, աշխատավարձը, այլ հարկեր, մասնավորապես խանութի վարձ, լույսի վարձ և այլն, ապա հարց է ծագում, թե ի՞նչ կմնա տակը»,– սոցիալական ցանցում ծավալված քննարկման ժամանակ հարցնում էր «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Սամսոն Գրիգորյանը:
եկավար Բաբկեն Պիպոյանն անդրադառնալով ծխախոտի վաճառքի գնագոյացման շուրջ ծագած խնդիրներին՝ «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ սա կառավարության կողմից երբևէ ընդունված ամենֆանտաստիկ որոշումներից մեկն է, որը ժամանակին իրականացվել է Վաչե Գաբրիել յանի նախաձեռնությամբ: Որոշման պիտանելիությունը ստուգվել է նաև դոլար–դրամ տատանումների ժամանակ, երբ նույնիսկ այդ ժամանակ վաճառվող ապրանքների գնային տատանում միայն ծխախոտի դեպքում չի լինում:
«Բիզնեսը վնաս կրեց, բայց պետությունը կանխարգելեց ապրանքի թանկացումը: Այսինքն, այս որոշումը գնի վերահսկողության շատ լավ մեխանիզմ է, և եթե բիզնեսին ձեռնտու չէ, ապա կարող է տվյալ ապրանքի վաճառքով չզբաղվել: Նորմալ է նաև այն, որ այդ որոշմամբ ներքևի շեմ սահմանված չէ, քանի որ եթե կա արտադրող–իրացնող և վերավաճառող համագործակցություն, ապա հարցերը պետք է նրանց մեջ լուծվեն: Վերավաճառողը տուփի վրա մակնշված առավելագույն մանրածախ գնից հստակ իմանում է, թե որքան եկամուտ է ստանալու: Եվ դրանից ելնելով՝ պետք է հաշվարկի՝ տվյալ ապրանքն ընդունի՞, թե՞ ոչ: Եթե փոքր խանութները փորձում են սիգարետ վաճառելով հաճախորդ գրավել, ապա պետք է նաև փորձեն հասկանալ, թե սիգարետ արտադրող կամ ներկրող ընկերություններն ինչ վերաբերմունք են դրսևորում իրենց հանդեպ»,– ասաց Բ. Պիպոյանը:
Նրա դիտարկմամբ, վաճառքի գնից 4–7 % «միջնորդավճարը» նորմալ ցուցանիշ է: Ինչ վերաբերում է դրանից ստացվող եկամուտներին, ապա խանութներն ապրանքը փաստաթղթավորված ընդունելու դեպքում շրջանառության հարկը բավականին ցածր կվճարեն: «Ամենակարևորն այն է, որ բիզնեսը օրենքները չխախտի: Չի կարելի բիզնեսի կողքին կանգնել ու սպառողին ութերորդ պլան մղել: Միշտ սպառողն է միայնակ մնում իր խնդիրների հետ, իսկ սա միակ սպառողամետ որոշումն է, դրա դեմ էլ ենք բողոքո՞ւմ: Ի դեպ, նախ պետք է հասկանալ, թե ծխախոտի շուկայում արտադրող–ներմուծող շղթայում գերիշխող դիրք զբաղեցնող կա՞, թե՞ չկա, քանի որ հայրենական արտադրողները երկուսն են, բայց նրանց հետ լուրջ մրցակցում են ներմուծող ընկերությունները: Եվ չի բացառվում, որ ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ նրանցից ոչ մեկն էլ գերիշխող դիրք չունի, դա պետք է ՏՄՊՊՀ–ն պարզի: Ինչ վերաբերում է փոքր խանութների սեփականատերերին, ապա նրանք օրենքը չպետք է խախտեն և այն ապրանքը, որը շահավետ չէ, կարող են չվաճառել: Ամենավատն այն է, որ երկու տարբեր բիզնեսի ներկայացուցիչներ չեն կարողանում իրենց ներսում հարցերը լուծել, որոշել են պետության վրա մուննաթ գալ: Եթե մի քանի խանութ արտադրողի ու ներմուծողի՝ իր ուզած գնով ապրանքը չընդունեն, ապա արտադրողն ու ներմուծողը գներն իրենք իրենց կինքնակարգավորեն»,– ասաց Բ. Պիպոյանը:
Կազմակերպության ղեկավարի համար հասկանալի չէր, թե, օրինակ, եթե կաթնամթերք արտադրողները վաղը–մյուս օրը որոշեն 700 դրամով իրենց ապրանքը խանութներին հանձնել, ապա արդյո՞ք խանութների սեփականատերերն այդ գնով կաթնամթերքը կընդունեն՝ իմանալով, որ այն շատ սպառվող ապրանք չէ: Այսինքն, իմանալով իրենց սպառողների գնողունակությունը՝ կիմանան նաև, որ կաթնամթերքը նման գնով ընդունելու դեպքում չեն կարողանալու վաճառել: «Հարց է ծագում՝ նման դեպքում կաթը կընդունե՞ն, թե՞ ոչ: Նույնը ծխախոտի դեպքում է: Ձեռք չի տալիս, թող չընդունեն: Ի դեպ, պետությունը երբ թույլ է լինում, ինքն է թույլ տալիս, որ իր վրա մուննաթ գան: Պետությունը պետք է բիզնեսի հետ երկխոսի, պետք է բիզնեսի վիճակի մեջ մտնի, պետք է հաշվարկի իր քաղաքականությունից բխող սոցիալ–տնտեսական ազդեցությունը, բայց այն դեպքում, երբ պետությունը որևէ բեռ չի ավելացնում և խնդիր չի ստեղծում բիզնեսի համար, ապա այդ դեպքում բիզնեսը պետության վրա մուննաթ գալու իրավունք չունի: Մոտավորապես դա նման է այն մոտեցմանը, որ սոցիալապես անապահով խավն իր բնակության, իր տանիքի հարցը լուծելու փոխարեն սկսի պետության վրա մուննաթ գալ, թե ինչո՞ւ գումարը չի բավարարում, որ ինքը Շվեյցարիայում հանգստանա: Այսինքն, պետությունից պետք է տանիք պահանջենք, բայց Շվեյցարիայում հանգստանալու հարցում պետք է զուսպ լինենք: Եվ որևէ մեկը չպետք է մուննաթ գա պետության վրա: Իսկ այն մինիմալը, որը տալիս է պետությունը, պետք է այնքան ճիշտ կարողանա տեղ հասցնել, որ որևէ մեկը չկարողանա իր վրա մուննաթ գալ: Իսկ դա նրանից է, որ պետությունը «տանիքը» չի ապահովում, հասարակությունն էլ մտածում է, որ եթե ոչինչ չի ապահովում, ինչ ցանկանա՝ կարող է խոսել ու պահանջել: Բայց բիզնեսն իրավունք չունի պետության հետ խոսել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, իսկ պետությունն էլ պետք է հասկանա, որ եթե ինքը բիզնեսից ուժեղ է, ապա չի կարող ինչ ուզի՝ անի»,– ասաց Բ. Պիպոյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում