ՌԴ-ն վերանայո՞ւմ է իր տեսակետը
AnalysisՎերջին շրջանում բոլորս ականատես ենք լինում, թե ինչ հակահայ ելույթներ և տեսակետներ են հնչում ռուսաստանյան մեդիատիրույթում, ի դեպ, այն գնալով ավելի կոշտ ու սուր շեշտադրումներ է ունենում: Ակնհայտ է , որ Ռուսաստանից եկող տեղեկատվական ուղերձները հաճելի չեն Հայաստանին: Մարգարիտա Սիմոնյանին հաջորդեց ոչ պակաս հայտնի նրա ամուսինը` կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը, ով խիստ զարմանալի է համարում այն փաստը, որ Ռուսաստանի օգնությունը Հայաստանին կասկածի տակ են դնում: Քյոսայանն իր խոսքում ասել է. «Բոլորը պետք է կանգ առնեն և մտածեն, թե ինչու ենք մենք սովորել մտածել, որ Հայաստանին որևէ մեկը պարտք է։ Որտեղի՞ց է ուղեղներում ծնվում այդ արտահայտությունը. «Մեզ պարտք են»:
Այստեղ պարզ է դառնում մի բան, որ արդեն կոնկրետ խնդիրներ են առաջ բերվում ու եթե այս փաստը դրվի իշխանությունների սեղանին ռուսական իշխանության մակարդակով, շատ վատ վիճակում կարող է հայտնվել նախ ՀՀ տնտեսությունը, որովհետև ամենամեծ տրանսֆերտները գալիս են Ռուսաստանից, հետո նաև` անվտանգությունը: Իհարկե, եթե նոր իշխանությունները կարող են ինքնաբավ երկրի ռազմավարություն մշակել ու բոլորին հակադարձել, շատ լավ, բայց արդյոք կարող են:
Ակնհայտ է, որ այս ամենի մեջ ինտրիգայինն ու ամենաուշագրավ հատվածն այն է, որ Քեոսայանի բերանով խոսում է ռուս իշխանությունը։ Այս տեսակետն անկախության բոլոր տարիներին մեզ ուղեկցել է, նախորդ իշխանությունները համաձայնել են դրա հետ, նոր իշխանությունը դեռ համառում է, բայց որքան կշարունակվի, կերևա առաջիկայում, քանի որ ռուսական «ձնագունդը» սկսել է արագ տեմպերով մեծանալ:
Պարզ է այն, որ դեռևս այս փուլում Ռուսաստանը հայերի բերանով է ուզում «խոսք» հասկացնել Հայաստանի իշխանություններին, ընդ որում շատ կոպիտ ու հատու, իսկ ի՞նչ կլինի, եթե գործի դրվի ռուսական ողջ քարոզչամեքենան, քանի՞ օր Հայաստանը կարող է դրան դիմակայել: Եվ ամենակարևոր հարցը` Հայաստանն ունի՞ այդ ամենին դիմակայելու միջոց, կկարողանա՞ն նոր իշխանությունները դեմ հանդիման կանգնել ռուսական այդ հզոր ճնշման:
Անդրանիկ Հարությունյան