««Փաշինյանի երթը» հայկական հասարակության աճող մասնատվածության ֆոնին»
International newseadayli.com-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է այսօր Երևանում մարտիմեկյան ողբերգական դեպքերի առթիվ երթ իրականացնել: Նա կոչ է արել հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ միանալ այդ «լայնամասշտաբ քաղաքացիական երթին»` նշելով, որ այն նվիրված կլինի «բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի, անօրինականության և քաղաքական հետապնդումների դեմ Հայաստանի քաղաքացու հաղթանակին»: Փաշինյանի նախաձեռնած երթը մի քանի նպատակ է հետապնդում, սակայն հիմնականը այստեղ ներկայիս իշխանությանը ժողովրդական աջակցություն ցույց տալն է, ինչպես նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների փոքրամասնություն լինելը ապացուցելը: Զարմանալի չէ, որ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո նախկին իշխանության ամենաակտիվ ներկայացուցիչները նույնպես դիմել են ժողովրդին, բայց արդեն երթը բոյկոտելու խնդրանքով: Ապահովել «ժողովրդական աջակցության» տեսքը՝ Փաշինյանի համար դժվար չէ: Բայց այստեղ հետաքրքիր է այլ բան: Մասնավորապես այն, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն արդեն ի վիճակի չէ վերահսկել ոչ միայն երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, այլ նաև անգամ իր խորհրդարանական խմբակցությանը: Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին իրադարձությունները մատնանշում են անդրկուլիսյան պայքարին վերաբերող դատողությունների ճշմարտացիությունը:
Դժվար է, երբ սեփական խմբակցությունդ հենց ինքն է «աքիլլեսյան գարշապար»:
Փաստ է, որ խորհրդարանում իշխող «Իմ քայլը» խմբակցությունը տարբեր ուժերի ու հոսանքների բազմազանություն է ներկայացնում, այդ թվում՝ «Սորոսի» նախկին աշխատակիցների և հարակից հասարակական կազմակերպությունների: «Թավշյա հեղափոխության» պատճառով մանդատ ստացած «մարդու իրավունքների» կազմակերպությունների կադրերը չեն կարողանում որևէ կերպ հեռանալ իրենց ընդդիմադրությունից և «հանրահավաքայնությունից» ինչպես խորհրդարանում, այնպես էլ սոցիալական ցանցերում: Նրանք շարունակում են քննադատական դատողություններ անել կառավարության առանձին ներկայացուցիչների դեմ՝ ամբողջովին մոռանալով, որ իրենք քննադատվողների հետ արդեն նույն նավակում են գտնվում: Հայ վերլուծաբանների շրջանում կա ընկալում, որ իշխանության տարբեր խմբերի միջև ուժգնացող պայքար է ընթանում, սակայն առայժմ նման խմբերը չեն ընդգրկում Հայաստանի անվտանգության և ֆինանսական համակարգերը: Նիկոլ Փաշինյանը դեռևս կարողանում է դադարեցնել «խմորումը»: Ավելին, ըստ տեղեկությունների, խորհրդարանական մեծամասնության շրջանում բավականին կոշտ ու երկարատև «բացատրական զրույցներ» են անցկացվել` նշելով, որ կարելի է տեսակետ արտահայտել փակ քննարկումների ժամանակ, բայց ինչ-որ որոշում կայացնելուց հետո պետք է սեփական կարծիքդ քեզ պահես:
Նախարարությունների թիվը քչացել է, բայց դրանից հսկողությունը չի հեշտացել:
Նոր տարվա սկիզբը նշանավորվեց Հայաստանում գործող նախարարությունների մեկ երրորդի կրճատմամբ: Ինչո՞ւ Փաշինյանի կառավարությունը նախանձելի հետևողականությամբ գնաց նման ոչ ժողովրդական քայլի` ավելացնելով նոր կառավարությունից դժգոհ մարդկանց թիվը: Ի վերջո, դա ոչ միայն պետական ապարատի պահպանման ծախսերը նվազեցնելու ցանկությունն է: Ըստ Փաշինյանի, դրանով պետք է բարձրացնել կառավարման համակարգի արդյունավետությունը՝ դարձնելով այն ավելի ժողովրդավար: Իրականում փոփոխությունների չբարձրաձայնվող նպատակն այն էր, որ, ըստ Փաշինյանի, ավելի քիչ թվով նախարարություններում կավելանա վերահսկելիության աստիճանը, քանի որ «հին» կադրերը շատ են ներկայացված: Կրճատումները հիմնականում վերաբերում էին նախարարությունների ղեկավարությանը: Սակայն վերջին օրերի իրադարձությունները ցույց են տվել, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ հսկողության և կառավարման հարցերում:
Հայաստանում մինչև «հեղափոխությունը» կոռուպցիան համակարգային էր:
Այժմ պատկերը փոխվել է: Օր չկա, որ նոր կոռուպցիոն բացահայտումներ չլինեն: Հետաքրքիր է, որ նախկինում վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանում կոռուպցիան վերացել է, իսկ վերջերս «թարմացրեց» նախկինում ասվածը: Պարզվում է, որ Հայաստանում, չնայած կառավարության ղեկավարի հայտարարություններին, այսօր էլ կաշառք են վերցնում, և դրա վկայությունն է կոնկրետ փաստերով մարդկանց կալանավորումները:
Օլիգարխները լռել են և ձայն չեն հանում:
Նոր կառավարությունը հայտարարել է նախկին կարգերից հրաժարվելու մասին, որն ինքնին ենթադրում էր քրեաօլիգարխիկ դասի անդամների ներգրավվածությամբ միջադեպերի դեպքում անպատժելիության վերացում: Պետք է ընդգծել, որ Հայաստանում երկար ժամանակ նման միջադեպեր չեն արձանագրվել: Քրեաօլիգարխիկ դասի ներկայացուցիչները, կարծես, գետնի տակն են անցել:
Նախկինները վերադառնում են, աճում է ՀԱԿ-ի գործոնը:
Բանն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինների մի շարք ընտրություններում իշխանության ներկայացուցիչները պարտություններ են կրել: Միաժամանակ ակտիվացել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմը՝ ՀԱԿ-ը: Իրականում Տեր-Պետրոսյանը օգնության է շտապում արդեն «կոտրված» Նիկոլ Փաշինյանին՝ իր նախկին կուսակցին:
Հովանոցներ, պարգևատրումներ ու մասնատված հասարակություն:
Փաշինյանը բողոքում է, որ ԶԼՄ-ների ավեի քան 80% -ը վերահսկվում է «հակահեղափոխական ուժերի» կողմից, և նրանք հակաքարոզչություն են իրականացնում: Հնարավոր է, բայց բանն այն է, որ կան իշխանավորներին քննադատելու հիմնավոր պատճառներ: Չպետք է մտածել, որ հասարակությունը պատրաստվում է նորերին ներել այն, ինչը չի ներել «նախորդ ռեժիմի» ներկայացուցիչներին:
Այս ամենը տեղի է ունենում այն փաստի ֆոնին, որ Հայաստանում հասարակությունը շարունակում է մասնատված մնալ:
Այսպիսով, քաղաքացիների դեռևս զգալի մասը շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին, քանի որ ակնկալիքներ ունի ներկայիս կառավարությունից և նրա ղեկավարից: Մյուս մասը կտրականապես դեմ է վարչապետի քաղաքականությանը: Միևնույն ժամանակ նկատվում է այն քաղաքացիների թվաքանակի աճի միտում, որոնք փորձում են քննադատորեն վերաբերվել ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանություններին, այսինքն՝ ձգտում են սովորական «քաղաքական չեզոքություն» պահպանել: Եվ միայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք հայ հասարակության այդ կազմավորվող հատվածը կարո՞ղ է դառնալ ռևանշի ձգտող «հին» Հայաստանի և անփորձ, ամեն քայլի սխալվող, բայց «պայծառ ապագայի» ու «նոր տիպի իշխանության» հույս տվող «նոր» Հայաստանի միջև անհրաժեշտ հավասարակշռող ուժը:
Կամո Խաչիկյան