Երկակի վիճակ ԵՊՀ-ում. ճահիճ՝ ճահիճի վրա. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին ԵՊՀ-ում հոգաբարձուների արտահերթ նիստ էր, որի ժամանակ քննարկվում էր ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման հարցը: Սակայն նիստը չկայացավ, որովհետև խորհրդի օրակարգին կողմ քվեարկողները չկարողացան ապահովել ձայների մեծամասնությունը, չնայած թվով գերազանցում էին հոգաբարձուների խորհրդի այն ներկայացուցիչներին, որոնք դեմ են Սիմոնյանի հրաժարականին: Ինչևէ, այս տեխնիկական դետալները չէ, որ կենսական են հիմա: Առավել խնդրահարույց է այլ բան:
Փաստացի ԵՊՀ-ն դառնում է բազմակողմ քաղաքական շահարկումների թիրախ: Այս փաստը շատ լավ արտացոլվում է կոնկրետ նիստին զուգահեռ տեղի ունեցող զարգացումներում: Մի կողմից՝ սոցցանցային տիրույթում, մեկ այլ կողմից՝ հենց ԵՊՀ-ում ու նրա շրջակայքում ակտիվորեն դիրքորոշում են արտահայտում թե՛ իշխանության կողմնակիցները, թե՛ նախորդ իշխանությունների ներկայացուցիչներն ու ներկայիս իշխանությանը ընդդիմադիր դիրքավորվողները: Ասել, որ բոլոր արտահայտվողներն են ակտիվ համալսարանական, սխալ կլինի: Ակնհայտ է, որ ԵՊՀ-ում տեղի ունեցողն այլևս դուրս է եկել բացառապես մայր բուհի շրջանակներից:
Քաղաքակա՞ն է արդյոք ԵՊՀ խնդիրը: Բնականաբար, այո: Քաղաքական այնքանով, որ պետական համալսարանը չի կարող գործել ինքնին վակուումի մեջ, ինքնաբավ: Այն նախ լինելով պետական ֆինանսավորմամբ կառույց, հետո էլ անմիջականորեն կապ ունենալով օրվա քաղաքական կուրսի հետ՝ անպայմանորեն կրում է այդ կուրսի ազդեցությունը:
Արդյո՞ք քաղաքական է խնդրի լուծումը: Ոչ: Քաղաքական լուծում չի կարող լինել, քանի որ այն կարող է առանց այդ էլ չափից շատ քաղաքականացված կառույցը մխրճել նոր քաղաքական հոսանքի մեջ, այս անգամ՝ ուղղակի հակառակ ուղղությամբ: ԵՊՀ-ում կուտակված խնդրի լուծման տարբերակը հենց քաղաքականությունից հարցը հեռացնելն է: Սա թույլ կտա ոչ միայն շահարկումներից զերծ պահել հարցը, այլև ստեղծել իրավիճակ, երբ հնարավոր կլինի ավելի վերացարկված ու ամբողջական նայել կրթական համակարգի երբեմնի առաջամարտիկ համարվող այս կառույցին:
Իսկ ԵՊՀ-ի հիմնական խնդիրը ո՛չ Արամ Սիմոնյանն է, ո՛չ ենթադրյալ կոռուպցիան: Այս երկու հանգամանքները այդ խնդրի հետևանքն են պարզապես: Խնդիրն այլ է: ԵՊՀ-ն, որպես պետական բուհ, տապալել է կրթական և գիտական գործառույթը: Այն կորցրել է մրցունակությունը ոչ միայն դրսում, այլև ներսում: Ավելին՝ ԵՊՀ-ն, որ նախկինում համարվում էր պետական համակարգը կադրերով սնուցող հիմնական կառույց, այժմ դադարել է այդպիսին լինել:
Մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն նշել ենք, որ կարիք կա փոխել այն դիտանկյունը, որով քննարկում ենք մայր բուհում տեղի ունեցողը: Դիտանկյան հիմքում պետք է դրված լինի ոչ թե՝«կոռուպցիա կա՞, թե՞ ոչ» հարցը, այլ՝ «արդյունավե՞տ է ԵՊՀ-ն, թե՞ ոչ»: Դիտանկյունը փոխելու դեպքում խնդիրը զերծ կմնա շահարկումներից, միաժամանակ կթոթափվի այն լարվածության մթնոլորտը, որն այժմ արգելակում է պրոցեսը ու թողնում կիսատ: Գուցե տեխնիկական իմաստով, դիցուք, հրաժարականի հիմքեր ներկայացնելու այս մեթոդը արդարացված չէ: Բայց մյուս կողմից էլ ինքնին հրաժարականը պետք է լինի օբյեկտիվ իրադարձությունների հետևանք, ոչ թե ինքնանպատակ գործողություն: Վստահաբար, եթե ներկայացվեին ԵՊՀ-ի, որպես գիտակրթական հաստատության, անարդյունավետությունը փաստող հիմնավորումներ, հնարավոր կլիներ թեկուզ կարճ ժամանակահատվածում, բայց ի վերջո հասնել հրաժարականի: Այդ դեպքում հավել յալ գերարժևորումից կզրկվեր նաև ինքնին հրաժարականի հանգամանքը:
Այլապես մենք գնում ենք ոչ թե ճահիճը մաքրելու, այլ ճահիճի վրա ևս մեկ ճահիճ գոյացնելու ճանապարհով, որը արդեն դառնում է ոչ թե ԵՊՀ-ի, այլ քաղաքական հարց՝ ընդդիմություն-իշխանություն դիրքավորումներով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում