Ոստիկանապետի արձագանքը՝ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը
SocietyՀայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի փոխել իր դիրքորոշումը և պնդելու է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում չկիրառվի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վալերի Օսիպյանը անդրադառանլաով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը:
«Ով ուզում է լինի, ոստիկանությունը գործելու է օրենքի շրջանակներում, և ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում տիրապետում է իրավիճակին: Եթե մի քանի հոգի փողոց են փակում, և ոստիկանությունը միանգամից չի բացում այդ փողոցը, չի նշանակում, թե չի կարող: Մենք կարող ենք հաշված րոպեների ընթացքում բացել այդ փողոցը, վերականգնել երթևեկությունը: Վստահեցնում եմ ձեզ՝ ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի, այլ ցանկացած քաղաքացու պարագայում, եթե որևէ մեկը կարգ խախտի, կարժանանա գնահատականի, օրենքի սահմաններում գնահատականի», - նշեց ոստիկանապետը:
Հարցին, թե իրենք ինչ-որ տեղեկությո՞ւն ունեն, որ առաջիկայում փողոցներ են փակվելու, նա պատասխանեց. «Ոստիկանությունն ունի շատ-շատ ինֆորմացիաներ, որոնք ձեռք են բերվել օրենքի սահմաններում, դրանք հրապարակման ենթակա չեն: Այո՛, մենք տիրապետում ենք»։
Հավելելով Օսիպյանը նշեց․ «Որևէ մեկը եթե փորձի կարգ խախտի, սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարի, կարժանանան կոշտ գնահատականի՝ օրենքի սահմաններում»: