Ինչո՞ւ են աշխատանքից հեռացվել «ԲԷՑ»–ի մասնաճյուղի տնօրենն ու էլեկտրամանտյորը. «ԲԷՑ» պարզաբանումը
Society«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանը և նույն մասնաճյուղի բարձր լարման օդային գծերի ծառայության էլեկտրամանտյոր Վալերի Հարությունյանը ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանի հրամանով 2019 թվականի մարտի 1-ից ազատվել են աշխատանքից, քանի որ նրանց կողմից աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում ընկերությանը պատճառվել է նյութական վնաս: Այս մասին հայտնեցին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնից։
2018 թվականի դեկտեմբերին ընկերության գլխավոր տնօրենի հանձնարարականով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը «Հյուսիսային» մասնաճյուղում իրականացրել էր ստուգումներ: Ստուգումների արդյունքում տեղում արձանագրվել են թերություններ և պակասորդներ: Մասնավորապես անհետացել են ընկերությանը պատկանող երկու տնակները: Ի դեպ տնակների անհետացման ժամանակաշրջանում Վալերի Հարությունյանն եղել է դրանց նյութական պատասխանատուն:
Ստուգումներից հետո, 2019 թվականի փետրվարի 12-ին, «Հյուսիսիային» մասնաճյուղի՝ տվյալ գործում ներառված անձանցից պահանջվել է բացատրագիր տնակների անհետացման վերաբերյալ: Սակայն մինչ այսօր որևէ բացատրություն նրանք չեն ներկայացրել:
Էդգար Բոջուկյանը և Վալերի Հարությունյանը աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարման (անգործության) հետևանքով ազատվել են աշխատանքից: Ազատման հրամանի հետ մեկտեղ վերջիններիս ներկայացվել է նաև ընկերությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջ»,– ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հյուսիսային մասնաճյուղի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 28-ին, փակել են Մ-6 միջպետական ճանապարհը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «ԲԷՑ»-ը իրեն ու ևս մի քանի աշխատակիցների առանց որևէ հիմնավոր պատճառի ազատել է աշխատանքից: