2020թ. հունվարի 1-ից սպասվող մաքսատուրքերի բարձրացման հետևանքով առնվազն 4-4.5 անգամ ավելանալու են ներկրվող մեքենաների արժեքները. Մ. Մելքումյան
SocietyՄաքսատուրքերի պասվող բարձրացման ամենամասսայական ոլորտն ավտոմեքենաների ներկրման ոլորտն է լինելու. «Եվրասիական տնտեսական ինտեգրման ներկա վիճակը և արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները» հարցի քննարկմանն այս մասին ասաց ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
Նա ներկայացրեց մի քանի թվեր, ըստ որոնց՝ 2017թ-ին ՀՀ երրորդ երկրներից ներմուծվել է 37 710 ավտոմեքենա, 2018թ-ին դրանց թիվը հասել է 65 110 –ի: «Այսինքն՝ գրեթե կրկնակի աճ ենք ունեցել, իսկ խնդիրը միայն այս աճի մեջ չէ, մենք գիտենք, որ 2020 թվականի հունվարի մեկից մեքենաների մաքսազերծումն արվելու է ըստ շարժիչի հզորության: Սա հանգեցնելու է նրան, որ առնվազն 4-4.5 անգամ ավելանալու են այդ մեքենաների արժեքները»,- ասաց նա:
Մելքումյանը նշեց, որ ՀՀ-ում մեքենաների մեծ պահանջարկ չկա, դրանք դեպի Ղազախստան և ՌԴ գնացող մեքենաներն են, որտեղ ներկրվում են ՀՀ, այստեղ մաքսազերծվում են և գնում:
«Բնականաբար, երրորդ երկրներից ներկրելիս մենք շահում ենք, բայց ի՞նչ եք կարծում՝ ճիշտ չի՞ լինի, որ մենք առաջիկա հինգ տարիների համար դիմենք ԵԱՏՄ հանձնաժողովին, որպեսզի մաքսատուրքերն առայժմ չբարձրանան»,- դիմելով նիստին ներկա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ասաց պատգամավորը:
Մելքումյանը նշեց, որ ինքը տեղյակ է, որ միայն երկու անուն ապրանքների գծով են դիմել, որ իջեցնեն մաքսատուրքերը, որոնցից մեկը եղել է բարձրավոլտ էլեկտրագծերի մասով, որ Իրանին էներգիա տանք: Բացի դրանից, նա նաև ասաց, որ լսում է, որ այլ երկրներից դիմում են նվազեցնելու համար, սակայն ՀՀ-ից պասիվություն կա վերանայելու մաքսատուրքերը:
«Մեզ մոտ սպասվում է մաքսատուրքերի աճ՝ ընտանի թռչունների միսը՝ 25% 2020թ.-ին, հետագայում՝ 80%, կաթ ու սերուցքը ևս, ցորենը՝ 2%, հետո 5% , արևածաղկի ձեթը և այլն:
Նախարար Խաչատրյանն ասաց, որ կա նուրբ սահման, որ պետք է հիշել՝ բոլոր դեպքերի համար խոսում են անցումային ժամանակահատվածի մասին, որը որպես արտոնություն ՀՀ-ն ստացել է՝ անդամակցության ճանապարհն անցնելու համար:
«Արտոնյալ անցումային ժամանակահատվածը, որ տված է, արդեն արտոնյալ է, հիմա ասում եք՝ բանակցե՞նք, որ արտոնյալն էլի երկարացնեն, այն ինչ եղել է, վերջնաժամկետում է եղել»,- ասաց նա:
Մելքումյանը հակադարձեց. «Հո կրակը չե՞նք ընկել, որ մի անգամ բանակցել ենք, 3-5 տարի են տվել, ուրեմն կյանքը կանգ է առել: Հիմա պետք է էլի բանակցենք, այս հարցերը դնենք»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ չի ասում, որ ամեն ինչ ավարտվել է, ուղղակի պետք է ընտրողաբար և կարևորելով որոշեն: «Պետք է հասկանալ, որ ապրանքատեսակներն են, որոնց շուրջ կարելի է բանակցել, չի կարելի էլի ամբողջ ցանկի շուրջ վերաբանակցել»,- նշեց նա: