Դավադրապաշտության վտանգավոր սահմանը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Մարտի 1-ի կապակցությամբ հանրապետական Արմեն Աշոտյանը հրապարակել էր 2008-ի մարտի 1-ի ուշ երեկոյան ԱԺ-ում կայացած արտահերթ նիստի ընթացքում իր ելույթի տեքստը: Արտառոց որևէ բան տեքստում չկար, որ կարող էր լույս սփռել հայտնի իրադարձությունների վրա: Սակայն հատկանշական է այլ բան. Աշոտյանը հիշատակում է միջազգային դրամաշնորհային կառույցների անուններ, մասնավորապես «Սորոսի» հիմնադրամի անունը՝ նրանց և նմանատիպ այլ կառույցների վերագրելով այդ օրերին տեղի ունեցող իրադարձություններում էական դերակատարություն:
Եղե՞լ է նման դերակատարություն, թե՞ ոչ, այդքան էլ կարևոր չէ: Ինչպես այն ժամանակ, այդպես էլ այսօր, փաստորեն, արտաքին ուժերի դերակատարությունը հայաստանյան դեպքերին բերվում է առաջին պլան, դրանց տրվում է էական դերակատարություն: Կրկնում ենք՝ էական չէ՝ նման դերակատարություն եղել է, թե ոչ: Էականն այլ բան է. փաստացի դավադրություն փնտրելն ու տեղի ունեցողը բացառապես դավադրության արդյունք մեկնաբանելը Հայաստանում յուրատեսակ քաղաքական մտածողության ձև է դարձել:
Դավադրությունների տակ ներկայացվող իրողությունները հաճախ իրատեսական են, բայց իրատեսականությունը չի նշանակում, որ կա ինչ-որ իքս դավադիր պլան, որ մեզանից աննկատ խաղում է առանցքային դերակատարություն: Ավելի ճիշտ կլինի ձևակերպել այսպես՝ դավադիր պլաններ կան ցանկացած դեպքում, բայց՝ ա. դրանք առաջնային դերակատարում չունեն, ավելի շուտ երկրորդական սյուժեներ են, երկրորդական ազդեցությամբ, բ. ինչքան էլ իդեալական գծված լինի այս կամ այն դավադիր պլանը, իրականությանը բախվելիս այն կորցնում է իր ամբողջականությունը:
Քաղաքական պրոցեսները առավելապես իրավիճակային ընթացք ունեն. եթե դրանք հնարավոր լիներ պլանավորել ու իրագործել տանը նստած, ապա քաղաքականությամբ կզբաղվեին քաղտեխնոլոգներն ու քաղաքագետները: Վերջիններիս դերը պրոցեսներում, սակայն, կարևոր լինելով հանդերձ, առանցքային չէ:
Առավել բարդանում է վիճակը, երբ տեղի ունեցողը քաղաքական իշխանությունը թե՛ ներկա ժամանակում, թե՛ հետահայաց գնահատում է հենց դավադրության տեսությունների միջոցով: Սա նշանակում է, որ իշխանությունները մի կողմից թերագնահատում են իրավիճակի այլ խորքային պատճառները, մեկ այլ կողմից էլ գերագնահատելով հնարավոր դավադրությունների առկայությունը՝ սխալ են չափում դրանց մասշտաբը, հետևաբար ունակ չեն համարժեք արձագանքել դրանց: Մեծ հաշվով, ինչպե՞ս արձագանքես կամ հակազդես մի բանի, որը համարում ես այնքան հզոր, այնքան անտեսանելի, որ ի վիճակի է իրագործել ցանկացած սցենար:
Այս իմաստով հարկ է արձանագրել, որ դավադրապաշտությունը թույլերի զբաղմունք է, որովհետև ի սկզբանե բացառում է համարժեք մրցակցության հանգամանքը: Կրկնակի ցավալի է, երբ այդ թուլությունը դառնում է իշխանությունների՝ իրավիճակի գնահատման ցուցիչ:
Նոր իշխանությունները ևս զերծ չեն մնում այս համամոլորակային ու համահայկական դարձած թուլությունից: Հակառակորդների ճամբարը դիտարկելով բացառապես դավադիրների հավաքատեղի՝ նորերը վտանգ ունեն գնալ հների ճանապարհով: Իհարկե, այլ են իրավիճակի ռիսկերը հիմա. դրանք, կարելի է ասել, չկան: Բայց երաշխիք չկա, որ չեն լինի ապագայում: Ուստի հանրային-քաղաքական մտածողությունից դավադրապաշտությունը արմատախիլ անելը դառնում է Հայաստանի քաղաքական կայունության երաշխիք: Ո՞վ կստեղծի այդ երաշխիքը, առայժմ անհայտ է, ինչպես որ անհայտ է՝ կստեղծվի՞ նման երաշխիք, թե՞ ոչ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում