Ո՞ր չինովնիկներն են պղտոր ջրում ձուկ որսացել. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, որ պետական կառավարման համակարգն իրոք ուռճացված է, երկու կարծիք լինել չի կարող: Եվ որ այն պետք է օպտիմալացնել, դա էլ է անվիճելի: Այսինքն, կառուցվածքային առումով անարդյունավետ համակարգն, իրականում, ի վիճակի չէ ադեկվատ ու ժամանակին արձագանքել այն խնդիրներին և մարտահրավերներին, որոնք այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ են երկրի զարգացման համար:
Բայց որ պետական կառավարման ապարատի կառուցվածքային փոփոխությունները պետք է բխեն հստակ ծրագրերից ու տեսլականից, սա նույնպես անվիճելի է:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 4-ի՝ վարչապետի հանձնարարականի կատարման մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից կազմված արձանագրման բովանդակությանը՝ նշեց, որ թեև պետական միջոցները թույլ չեն տալիս եղած «ճոխությունները» պահպանել, բայց միևնույն ժամանակ հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած քաղաքական ուժը կանգնած է իր կողմից հայտարարված ծրագրերի պարտադրանքի առջև: Ուստի, պրոֆեսիոնալ, արդյունավետ և մրցունակ կառավարում իրականացնելու համար պետք է ամեն ինչ անի, որ ռեֆորմները բխեն պետական ծրագրից, ինչը, ցավոք, ինչպես երևում է արձանագրումներից, այդպես չէ:
Խոսելով առհասարակ պետական կառավարման համակարգի օպտիմալացման միջազգային փորձի մասին՝ տնտեսագետը նշեց, որ զարգացած երկրներում կառավարման համակարգերն ավելի կոնսերվատիվ բնույթ ունեն և հակված են ավելի ճկուն քաղաքականություն վարել:
«Կան նաև այլընտրանքային մոտեցումներ, այսինքն՝ ծառայություններ, որոնք ոչ թե պետական չինովնիկներն են մատուցում, այլ պետությունն այն գնում է մասնավորից: Այս այլընտրանքը յուրաքանչյուր երկիր յուրովի է լուծում, և պետական ծառայողների թվաքանակն անընդհատ փորձում են օպտիմալացնել: Այսինքն, բոլորը ցանկանում են ունենալ այնպիսի պետական կառավարման կառուցվածք և այնքան ծառայող, ինչքան անհրաժեշտ է: Այն, որ մեր պետական կառավարման համակարգն ուռճացած է, միանշանակ է: Բայց դա իր պատճառներն ունի, այդ թվում՝ նաև քաղաքական: Եվ քանի որ պետական կառավարման համակարգը նաև քաղաքական ծառայություններ է մատուցել, իսկ աշխատողներն էլ ընտրությունների ժամանակ ձայներ ապահովելու գործառույթ են իրականացրել, ուստի քաղաքական որոշում է կայացվել թեկուզ ցածր աշխատավարձով, բայց երաշխավորված աշխատանքով ապահովել: Իսկ թե ինչ տեղի կունենա պետական կառուցվածքի հետ, ինչպիսի ֆունկցիաներ այն կիրականացնի, պետական կառույցը ինչպիսի բովանդակություն, իսկ պետական ծառայողն ինչպիսի ծանրաբեռնվածություն, աշխատանքային օրակարգ պետք է ունենա՝ եղել է երկրորդական, եթե չասենք՝ չորրորդական հարց»,- ասաց Ա. Մարգարյանը:
Եվ այս պայմաններում, երբ մի կողմից փաստացի պետական ծրագիր չկա, իսկ մյուս կողմից փորձ է արվում պարտադրված ձևով ռեֆորմ իրականացնել, ո՛չ մասնագետների, ո՛չ էլ հասարակության համար չի կարող հասկանալի լինել, թե պետական ինստիտուտներն ինչ սկզբունքով ու նպատակով են օպտիմալացվելու: Տնտեսագետի կարծիքով, այդ ամենից խուսափելու համար պետք է կառավարության կողմից իրականացվելիք քայլերը լինեն տեսանելի, հիմնավորված և ներկայացված լինեն այն այլընտրանքները, որոնք առաջարկվելու են:
«Այսինքն, կարգավիճակի փոխանցումը պետք է կազմակերպված ձևով իրականացվի, որը ներկայում տեսանելի չէ: Դրա փոխարեն ականատես ենք լինում փոխվարչապետի՝ վարչապետին ուղարկված գրությանը, որում ասվում է, որ եթե 10 հազար մարդ կրճատվի, 3 միլիոնը կշահի: Հարց է ծագում, թե որտեղ են այն հիմնավորումները և երաշխիքները, որ այդ 10 հազարն այդպիսի խնդիրներ չեն ստեղծի նույն այդ իշխանությունների համար՝ սկսած քաղաքական հիմնախնդիրներից մինչև սոցիալական հարցեր, կամ՝ արտագաղթ: Այսինքն, ինչպե՞ս կարելի է նման արտահայտություն անել, երբ նման կորել յացիա չկա և չի էլ կարող լինել»,- ասաց Ա. Մարգարյանը:
Չնայած տասնամյակներ շարունակ երկրում գործել է քաղծառայության մասին օրենք, սակայն մեր պետական համակարգը եղել և շարունակում է մնալ ոչ պրոֆեսոնալ և ոչ արդյունավետ իր հիմնական ամբողջության մեջ, ընդգծում է տնտեսագետը: Ինչպե՞ս անել, որ պետական կառավարման համակարգը վերջապես դառնա գործուն և այսպես ասած՝ կաթիլային սնուցումից կախված լինելու փոխարեն զարգացած և ճկուն համակարգ ունենա, Ա. Մարգարյանը պատասխանեց. «Նախ հարկավոր է ունենալ հստակ ֆիքսված ժամկետներ ունեցող պետական ծրագիր, որը պետք է ապահովված լինի ռեսուրսներով: Իսկ քայլերն ու մեխանիզմները պետք է տեսանելի լինեն բոլորի համար: Եվ այն պնդումները, որ կարելի է մի մասին կրճատել, իսկ մյուս մասի աշխատավարձը դրա հաշվին բարձրացնել՝ պարզունակ, չարդարացված և չհիմնավորված են: Բացի այդ, սելեկտիվ մեխանիզմները պետք է ծայրահեղ օբյեկտիվ լինեն, որպեսզի թացն ու չորը միմյանցից տարանջատվեն: Հետհեղափոխական սինդրոմ է նաև այն, թե ովքեր հեղափոխության ժամանակ ակտիվ են եղել, ուրեմն նրանք պետք է շարունակեն աշխատել: Ստացվում է, որ եթե մարդը A կետից քայլել է B կետ, ապա նա պետք է նախարարական պորտֆել զբաղեցնի, հետո հայտարարի, որ մարդկանց ազատում է, որպեսզի նրանք նոր աշխատանք գտնեն: Այսինքն, քայլ անելը կամ քայլարշավի մասնակցելը պրոֆեսիոնալիզմի չափանիշ չէ: Եվ երբ պետական բարձր պաշտոնները ոչ թե պրոֆեսիոնալներն են զբաղեցնում, այլ դա քաղաքական որոշումների արդյունք է, այդ պարագայում պետական կառավարման համակարգում իրականացվելիք ռեֆորմների ռիսկերը կապված են լինելու հիմնականում այդ և կադրերի սղության հետ: Իսկ որակյալ կադրեր չկան, քանի որ պետական կառավարման ոլորտը երբեք էլ չի եղել գայթակղիչ ու գրավիչ: Այդ պատճառով էլ պետական կառավարման համակարգի պղտոր ջրում ձուկ են որսացել նրանք, ում ոչ թե աշխատավարձն է հետաքրքրել, այլ՝ շորթումը, կոռուպցիան և այլ անօրինական վարքագծային դրսևորումները, ինչը նույնպես խոչընդոտ է ավելի արդյունավետ համակարգ ունենալու համար»,- ասաց Ա. Մարգարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում