ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերանայումների կարիք կա. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսելում էր ու մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ էր ունենում եվրոպական կառույցների ղեկավարների հետ: Այցը կարևորվում է երկու առումով: Նախ՝ Հայաստանը շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո գտնվում է եվրոինտեգրման նոր շրջափուլում: Երկրորդ՝ Հայաստանի նոր իշխանությունները փորձում են հարաբերություններ կարգավորել նաև եվրոպական երկրների ու եվրոպական կառույցների հետ: Սա կարող է թվալ պարզամիտ ձևակերպում, իրականում, սակայն, այդ ուղղությամբ հարաբերություններ կարգավորելու խնդիր կա, քանի որ հետհեղափոխական առաջին ամիսներին Հայաստանն իր արտաքին քաղաքականության հիմնական ծավալը հագեցնում էր ռուսական կողմի հետ հարաբերություններով:
Իրանյան այցին հաջորդած բրյուսել յան այցն այս իմաստով սիմվոլիկ նշանակություն ունի, որովհետև որոշակիորեն, գոնե տեղեկատվական մակարդակում բալանսավորում է բացառապես Մոսկվա այցերի էֆեկտը: Միաժամանակ պարզ է, որ հանրային էֆեկտը չնայած չի կարող փոխարինել բովանդակային հարաբերություններին, բայց կարող է դառնալ այդ հարաբերությունների ձևավորման հիմք: Հատկապես եվրոպական կողմի հետ հարաբերություններում, որտեղ արտաքին նշաններն առավել քան կարևորվում են:
Թերևս նաև սա է պատճառը, որ չնայած հայկական կողմի պասիվությանը, եվրոպական գործընկերները ճնշումներ չգործադրեցին նոր իշխանությունների վրա ու խանդի տեսարաններով չուղեկցեցին իշխանությունների մոսկովյան հաճախակի այցերը: Պիտի արձանագրել նաև, որ նախկին իշխանությունների ջանքերը ևս՝ եվրոպական ուղղությամբ թուլացնել նոր իշխանությունների դիրքերը, ձախողվեցին: Ձախողվեցին, սակայն, ոչ թե ներկա իշխանության ջանքերի շնորհիվ, այլ եվրոպական վերնախավի մոտեցումների: Իսկ այդ մոտեցումները ենթադրում են բաց պատուհանի սկզբունք: Այդ սկզբունքը գործել է 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտնի դեպքերի ժամանակ, հետևաբար կարող է գործել նաև այսօր:
Այս ամենն, իհարկե, չի նշանակում, թե նոր իշխանությունները հաջողել են եվրոպական ուղղությունը: Բնավ՝ ոչ: Սակայն պետք է վերանայել նաև հաջողության չափանիշները: Եթե հաջողել ասելով նկատի ունենք տեղեկատվական մակարդակում ռուսական կողմնորոշմանը բալանսավորելը, իհարկե, չեն հաջողել: Բայց եթե խնդրին նայենք առավել խորքային իմաստով, ապա Հայաստանում եվրոինտեգրումը ձախողվում է ոչ միայն ռուսական կողմի ճնշման հետևանքով, այլև Հայաստանում թե՛ եվրոինտեգրման հանձնառություն ունեցող սուբյեկտների, թե՛ դրանց հետ անմիջական աշխատող պետական կառույցների պատճառով: Տարատեսակ սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, թե ինչպիսին է վստահության մակարդակը հայաստանցիների մոտ եվրոպական կողմնորոշման հանդեպ: Մի կողմից՝ ռուսական քարոզչության պատճառով, մեկ այլ կողմից՝ եվրոպական կարծրատիպերի, ստացվել է այնպես, որ այդ կողմնորոշումը Հայաստանում ընկալվում է ուռճացված արժեբանական երանգներով:
Այդպես էլ չի ներկայացվում եվրոպական քաղաքակրթական ու քաղաքական բովանդակության գործնական նշանակությունը, ինչի արդյունքում չի ձևավորվում այդ կողմնորոշման հանդեպ դրական վերաբերմունք և պահանջարկ: Թերևս արժե, որ վերանայվեն եվրոպական կառույցների աշխատանքի մեթոդները Հայաստանում, հատկապես նոր իրավիճակում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում