Ռուբեն Հախվերդյանի կատարումներն առաջին անգամ հնչել են Արցախի, ապա նոր միայն Հայաստանի ռադիոյով
SocietyԴժվարանում եմ ասել՝ Ռուբեն Հախվերդյանը տեղյա՞կ չէ, թե պարզապես թքած ունի այն բանի վրա, որ իր մասսայականությամբ առաջին հերթին պարտական է Լեռնային Ղարաբաղի մարզային ռադիոյին, մասնավորապես՝ արցախցի ռեժիսոր Վիգեն Բադալյանին ու ձեր խոնարհ ծառային՝ լրագրող Մարսել Պետրոսյանին: Բանն այն է, որ Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները, չնայած ստուդիական բարձրորակ ձայնագրություններին, որն իրականացվել է խորհրդային շրջանում Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր Արմեն Հովհաննիսյանի ջանքերով, երկար տարիներ գրաքննիչների կողմից փականքի տակ էր:
70-ականներին, երբ ես Արցախի ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագիրն էի, Վիգեն Բադալյանը 45 րոպեանոց ստուդիական ժապավեն տվեց ու առաջարկեց լսել: Մի քանի ամիս շարունակ տարբեր հաղորդումներում, սկզբնական շրջանում հատվածների, հետո ամբողջական կատարումների տեսքով ներկայացրի Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները՝հիմք ստեղծելով հետագա լիարժեք համերգներ եթեր հեռարձակելու համար: Որքան հիշում եմ, մեկուկես տարի հետո միայն, վկայակոչելով Արցախից հնչած կատարումները, Հայաստանի ռադիոյում նրա ձայնագրություններից հանվեց գրաքննության արգելքը, և առաջին անգամ եթերում հնչեցին Ռուբեն Հախվերդյանի գործերը:
Արմեն Հովհաննիսյանը, Վիգեն Բադալյանը և ես, գոհ մնացինք մեր արարքից ու գործից, որովհետև մեզ հաջողվել էր համատեղ ջանքերով թասիբի գցել Հայաստանի իշխանություններին ու կալանքից ազատել Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները: Մենք երեքով գիտեինք՝ ինչ ենք անում: Հետևանքների մասին չէինք էլ մտածում: Չեմ կարծում, թե Ռուբեն Հախվերդյանը գիտակցում էր, թե ինչ է խոսում: Իսկ եթե, այնուամենայնիվ, գիտակցում էր, ավելի վատ իր համար, քանի որ այդպես են խորհում, մտածում ու արտահայտվում միայն ադրբեջանցիները: Սակայն չենք ուզում հավատալ, թե Հախվերդյանը ցանկություն ուներ կրկնել նրանց կարծիքն ու ջուր լցնել թշնամու ջրաղացին: Ի վերջո, նորից կրկնենք, Ռուբեն Հախվերդյանը թող երբեք չմոռանա, որ նրա կատարումներն առաջին անգամ հնչել են Արցախի, ապա նոր միայն Հայաստանի ռադիոյով: Մեկնաբանություններն ավելորդ են:
Մարսել Պետրոսյան