Պարծենալու չափաբաժինը, վարորդական իրավունք գնելու մոլուցքն ու անկաշառ լինելու արդյունքը. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Վարորդական վկայականի ստացման զարտուղի մեխանիզմների մասին բազմիցս է խոսվել: Մյուս կողմից՝ փորձագիտական շրջանակներում միշտ առաջ է քաշվել վկայական ստանալու կարգում փոփոխություններ մտցնելու հարցը: «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր, ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանի հետ թեմային առնչվող մի շարք հարցեր ենք քննարկել:
Նախ՝ ինչ վերաբերում է գործող կարգին, մեր զրուցակիցն առաջին հերթին բերում է իր օրինակը ու հետո նշում, որ շատերն են ասում՝ ներկայիս կարգը հեշտ է, պարզ է ու ոչ մի դժվարություն չկա: «Բայց, միևնույն ժամանակ, ասում էին, որ նման քննություն հանձնելուց հետո երթևեկության մեջ մեքենա վարելն այդքան էլ հեշտ չէ: Այսինքն, քննությունն այդքան էլ բավարար չէ ներկա երթևեկության մեջ անխափան վարելու համար»,-ասաց նա ու հավելեց, որ նախորդ տարվա վերջից սկսած՝ որոշ քննարկումներ են սկսվել, և փոփոխություններ են նախատեսվում:
«Այժմ դեռ ոստիկանության կողմից է նախապատրաստվում, մենք դեռևս առարկայական քննարկումների մասնակից չենք եղել, բայց թե՛ մեր, թե՛ նրանց հիմնական դիտարկումն այն է, որ քննությունը պետք է ոչ թե բարդացվի կամ հեշտացվի, այլ այնպես արվի, որ ավելի մոտ լինի ներկայիս երթևեկության կարգ ու կանոնին, պահանջներին: Քննությունը դժվարացնելու որևէ հարց չկա, խնդիրն այն է, որ մարդիկ այդ քննությունները հանձնելուց հետո այժմյան երթևեկության մեջ անսխալ վարեն: Ընթացակարգը դեռ մանրամասն կքննարկվի, բայց, ամեն դեպքում, առաջարկել ենք, որ գործնական երկու քննություն լինի, մեկը՝ ավտոդրոմում, մյուսը՝ բաց երթևեկության մեջ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գումարով վարորդական վկայական ձեռք բերելու սովորությանը, ձևավորված մենթալիտետին, Ս. Ղահրամանյանը նշեց. «Կոպիտ է հնչում, բայց այստեղ, կարծում եմ, պահանջարկն է ծնել առաջարկ: Այն, որ նախկինում վարորդական իրավունքի տրամադրման որոշ կոռուպցիոն մեխանիզմներ էին գործում, մեր այդ մտահոգությունը նախկինում մշտապես ապացուցվել է: Բայց կարող եմ ասել, որ այսօր այլևս կոռուպցիոն մեխանիզմներ, շղթաներ չկան: Արդեն 4 տարի հետևելով ու վերլուծելով իրավիճակը՝ կարող եմ ասել, որ ՃՈ տեսուչները դիտավորյալ ոչինչ չեն անում: Այսինքն, արհեստական խոչընդոտներ չեն ստեղծում, որ քննությունից կտրվեն: Մարդիկ էլ են նշել այդ մասին: Այս տարիների ընթացքում մենք երբեք նման բողոքներ չենք ստացել, բայց շշուկներ միշտ եղել են: Ըստ իս՝ այդ շշուկները եղել են հենց այն մարդկանց կողմից, որոնք նախկինում միջնորդի դեր են կատարել վարորդական իրավունք ձեռք բերել ցանկացողների ու տեսուչների միջև, ինչը նաև իրենց «աշխատանքն» է եղել: Բացի այդ, այո, այստեղ կա նաև մենթալիտետի խնդիր. մարդիկ չեն ուզում 28 հազար դրամ տալ և քննություն հանձնել, այլ ուզում են, օրինակ, 280 հազար դրամ տալ ու վարորդական իրավունք ստանալ»:
Այդ առումով Ս. Ղահրամանյանը շեշտեց՝ երթևեկության մեջ նախ գիտելիքներ են պետք. «Մարդը պետք է գիտակցի, որ ցանկացած խախտում հենց իր սեփական կյանքն է վտանգում»:
Նա նշեց, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներից հետո կոռուպցիոն շղթաներն ու մեխանիզմներն ինչ-որ առումով վերացել են. «Արդյունքն այն է, որ տեսուչները չեն մտնում կոռուպցիոն գործարքների մեջ: Ի դեպ, մեր ժողովրդի մեջ պարծենալը շատ մեծ չափաբաժին ունի: Կարող են պարծենալ ու ասել՝ գիտեք, վարորդական գնեցի, իսկ Հայաստանն այնքան փոքր է, որ նման դեպքերից հետո տեսուչը օրերից մի օր կբռնվի»:
Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ նա հավելեց. «Անկաշառ ձևով վարորդական իրավունք ձեռք բերելու արդյունքները մենք կտեսնենք 5-7 տարի հետո, երբ կունենանք ավելի գիտակից վարորդներ»:
Վարորդական վկայական ստանալու գործընթացի վերաբերյալ Ս. Ղահրամանյանը նաև ուսումնասիրություն է կատարել: Նա մեզ տվյալներ փոխանցեց 2016, 2017, 2018 թթ. վերաբերյալ: Դրանք բավականին խոսուն են, և դրանց մենք մանրամասն կանդրադառնանք թերթի հաջորդ համարում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում