Ադրբեջանի կողմից ռազմական ավիացիայի գնումների աճը վկայում է Բաքվի ռազմատենչ ամբիցիաների մասին. փորձագետ
International newsԵրբ մամուլում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 4 բազմաթիրախային Սու-30ՍՄ կործանիչ գնել, Ադրբեջանը որոշեց ակտիվացնել Իսլամաբադից THUNDER JF-17 Block 2 պակիստանյան կործանիչների գնման բանակցությունները: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Ըստ փորձագետի՝ Բաքուն արդեն պայմանագիր է ստորագրել այդ կործանիչների գնման եւ մատակարարման մասին:
«Ես չեմ կարող ասել, թե որքան կործանիչ են նրանք մտադիր գնել, բայց Բաքուն նախատեսում է դրանք արդեն այս տարի ստանալ:
Ըստ էության դա Պակիստանի կողմից հավաքված չինական FC-1 Xiaolong-ն է, սակայն որոշակի բարելավումներով: Պակիստանյան տարբերակը նախատեսված է օդային մարտերի, ցամաքային, ջրային եւ ստորջրյա թիրախների խոցման համար: Նրա հիմնական առավելություններից մեկն այն է, որ այն զգալիորեն ավելի էժան է ռուսական մրցակցից՝ Սու-30ՍՄ-ից եւ մարտական բնութագրիչներով շատ քիչ է զիջում», - նկատեց փորձագետը:
Համբարձումյանը նշեց, որ պակիստանյան ինքնաթիռի մարտական բնութագրիչները հիմնականում բարելավվում են դրա վրա չինական արտադրության հատուկ կախովի կոնտեյների տեղադրման հնարավորության շնորհիվ, որը պակիստանցիները փոխարինում են ավելի կատարյալ եւ ժամանակակից թուրքական«ASELPOD» կախովի կոնտեյներներով:
Ռազմական փորձագետը վստահ է, որ Բաքվի բոլոր վերջին ձեռբերումներրը, հատկապես ռազմական ավիացիայի ոլորտի, եւս մեկ անգամ վկայում են, որ Ադրբեջանը մտադիր չէ ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծել եւ ակտիվորեն պատրաստվում է լայնամասշատբ ռազմական գործողությունների վերսկսմանը: Ընդ որում երկու երկրների բնակչություններին խաղաղ համագոյակցությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին հայտարարությունները փորձագետն անհեթեթություն անվանեց, եւ հավելեց, որ Ադրբեջանի կողմից ակտիվ վերազինման փաստի առկայության դեպքում այս բոլոր հայտարարությունները ծիծաղելի են: