Անձնական տվյալների պաշտպանության նրբությունները շատ են, լուծումները՝ ոչ այնքան. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Հասարակական վայրերում ֆոտո կամ տեսախցիկով ման գալ կարելի է, սակայն դրանից օգտվելուց առաջ հարկավոր է ծանոթ լինել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին: Այստեղ թեև մանրամասն ներկայացված է, թե որ դեպքում ինչպես պետք է պահպանել հիմնական կանոններն ու սկզբունքները, որպեսզի մարդկանց անձնական տվյալների պաշտպանության հարցը հարցականի տակ չդրվի, սակայն, ներկայացված դրույթներն ընդհանրական լինելով, թույլ չեն տալիս լիովին պատկերացում կազմել և հասկանալ, թե հատկապես ո՞ր դեպքում կարելի է մարդկանց անձնական տվյալների պաշտպանության հարցը վտանգված համարել:
Հարց է նաև, որ եթե հարևանն իր տան և ընտանիքի անդամների անվտանգության ապահովման համար առանց հարևաններին այդ մասին տեղեկացնելու և իրազեկման մասին գրություն տեղադրելու դռան «գլազոկի» փոխարեն տեսահսկման սարք է տեղադրում, արդյո՞ք չի խախտում հարևանների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Մեկ այլ դեպքում, օրինակ, հասարակական վայրում նկարվելու կամ նկարահանվելու դեպքում արդյո՞ք չի խախտվում անցորդների անձնական տվյալների պաշտպանության գաղտնիությունը: Կամ՝ հասարակական և մասսայական միջոցառումների ժամանակ սոցիալական ցանցերով ուղիղ եթեր հեռարձակելն արդյո՞ք օրինական է, թե՞ նախապես հարկավոր է այդ մասին բոլորին իրազեկել: Եթե սրանք խախտումներ են համարվում, ուրեմն հարկավոր է անձնական էջից սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակելն օրենքով արգելել, եթե՝ ոչ, ուրեմն հարկավոր է հստակություն մտցնել, որպեսզի մարդիկ լինեն իրազեկված և ո՛չ ուրիշի դաշտ մտնեն, ո՛չ էլ օրենք խախտեն:
Ինչ վերաբերում է պետական և մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունների կողմից տեղադրվող տեսահսկող սարքերին, ապա ուղեցույցը կարծես թե պատասխանում է բոլոր այն հարցերին, որոնք առհասարակ կարող են ծագել:
«Ինֆորմացիայի ազատության» կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով օրերս հասարակության շրջանում աղմուկ հանած հասարակական տրանսպորտում տեղադրված տեսախցիկներին, նշեց, որ առաջին հերթին հարկավոր է նախագիծը շատ լավ մշակել, որից հետո միայն այն կյանքի կոչել:
«Հարկավոր է յուրաքանչյուր դեպքի անհատական մոտեցում ցուցաբերել: Օրինակ, եթե բանկերում է տեղադրվում տեսահսկման համակարգ, ապա չի կարող մարդու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը խախտվել, որովհետև տվ յալ դեպքում կա սահմանված օրինական նպատակ: Բանկում նման համակարգ տեղադրում են, որպեսզի անվտանգությունը ապահովեն: Բացի այդ, պարտադիր պայման է նաև, որ մինչև տվյալ տարածք մտնելը մարդն այդ մասին տեղեկացված լինի: Դրա համար հարկավոր է տարածքում համապատասխան իրազեկում իրականացնել: Այսինքն, մարդն այդ տարածք մուտք գործելուց առաջ պետք է այդ մասին իրազեկված լինի, որպեսզի իր վարքագիծը կարողանա համապատասխանեցնել տվյալ տարածքի պայմաններին, քանի որ իրեն տեսահսկելու են: Այսինքն, այստեղ կա օրինական նպատակ՝ անվտանգության ապահովումը: Ինչ վերաբերում է տվյալներին, ապա դրանք բացառապես հավաքվում են այդ նպատակների ապահովման համար, ինչը համապատասխանում է անձնական տվյալների պաշտպանության օրենքին»,- ասաց Շ. Դոյդոյանը:
Նրա խոսքով, երբ մարդն այդ մասին տեղեկացված չէ, այդ դեպքերում միանշանակ օրենքի խախտում կա: Բայց մեկ ընդհանուր բանաձև էլ չկա՝ հասկանալու համար, թե երբ է օրենքը խախտվում: Ուստի, ըստ Դոյդոյանի, յուրաքանչյուր ենթաոլորտ պետք է առանձին ուսումնասիրել և հասկանալ, թե որ դեպքում խախտումներ կան, որ դեպքում՝ ոչ: Ամենակարևոր հարցը, սակայն, նպատակի հստակեցումն է, որից հետո արդեն քայլերի հաջորդականությամբ տեսահսկումը պետք է այնպես կազմակերպել, որպեսզի օրենքը չխախտվի:
Խոսելով փողոցում լուսա կամ տեսանկարահանվելու ժամանակ այլոց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը չխախտելու մասին՝ Շ. Դոյդոյանն ասաց.
«Կարող է ինքներս մեզ նկարենք կամ նկարահանենք, բայց կադրում այլ մարդիկ նույնպես հայտնվեն: Եվ եթե նրանք բողոք ներկայացնեն, շատ հնարավոր է, որ նրանց բողոքն արդարացվի, որովհետև իրենք չեն ցանկացել, որ իրենց պատկերն այլ վայրում հայտնվի: Այսինքն, այո, այստեղ ևս խախտում կա, բայց կոնկրետ դեպքում հարկավոր է հանգամանքները դիտարկել, որպեսզի հասկանալի լինի, թե տվյալ դեպքում կոնկրետ ո՞ր մարդու անձնական տվյալների պաշտպանության հարցը կարող է վտանգվել, որ դեպքում՝ ոչ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում